Չինական ռազմանավերն առաջին անգամ մուտք են գործել Իրանի նավահանգիստ

Սեպտեմբերի 20-ին Չինաստանի ռազմածովային ուժերի 2 միավոր նավեր պատմության մեջ առաջին անգամ ժամանել են Պարսից ծոց՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող Բենդեր-Աբբաս նավահանգիստ՝ մասնակցելու Իրանի ռազմածովային ուժերի հետ համատեղ անցկացվող որոնողափրկարարական բնույթի զորավարժությանը։

Չինաստանի ՌԾՈւ «Չանչուն» էսկադրոնային ականակիր նավը

Չինաստանի ՌԾՈւ «Չանչուն» էսկադրոնային ականակիր նավը

Ինչպես հաղորդում է Channelnewsasia.com կայքը, հղում տալով Իրանի նավատորմի հրամանատար, փոխծովակալ Հուսեյն Ազադի խոսքերին, Չինաստանի ՌԾՈւ «Չանչուն» էսկադրոնային ականակիր նավը և «Չանժոու» հրթիռային ֆրեգատն Իրանի ՌԾՈւ «Արվանդքենդեր» հրթիռային ֆրեգատի գլխավորությամբ մուտք են գործել նավահանգիստ։

Ադենի ծոցում ընթացող վարժանքների ընթացքում կողմերը փորձելու են համատեղ ջանքերով չեզոքացնել ծովային միջադեպերի հետևանքները։ Վարժանքները մեկնարկելու են սեպտեմբերի 24-ին։

Նկատենք, որ Բենդեր-Աբբաս նավահանգիստը տեղակայված է Բահրեյնի հանդիպակաց ափին, որտեղ ԱՄՆ-ն ռազմածովային կայան ունի։

Հիշեցնենք, որ Իրանը վերջին տարիներին ընդլայնել է իր ներկայությունը Պարսից ծոցում՝  փորձելով հակազդել ծովահենների գործունեությանն այս հատվածում և ապահովել Ադենի ծոցի առևտրային նավահանգիստների անվտանգությունը։

Հավելենք, որ Իրանն ու Չինաստանը վերջին շրջանում ամրապնդել են իրենց տնտեսական կապերը։ Արդյունքում Չինաստանն արդեն դարձել է Իրանի առևտրային հիմնական գործընկերը։ Ակնկալվում է, որ չնայած Իրանի միջուկային ծրագրի պատճառով վերջինիս դեմ կիրառվող միջազգային բանկային ու տնտեսական արգելքների՝ Չինաստանի և Իրանի միջև առևտրի ծավալներն ընթացիկ տարում կանցնեն 45 մլրդ ԱՄՆ դոլարի սահմանը։

One response to “Չինական ռազմանավերն առաջին անգամ մուտք են գործել Իրանի նավահանգիստ

  1. Pingback: Կնքվել է Իրանի և Չինաստանի միջև ռազմական համագործակցության համաձայնագիր | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *