Ադրբեջանում ձերբակալել են Սիրիայում և Իրաքում իսլամիստներին անդամակցած 26 հոգու

Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում ձերբակալվել են Ադրբեջանի 26 քաղաքացիներ, որոնք կասկածվում են երկրի սահմաններից դուրս իսլմիստական զինված խմբավորումներին անդամակցելու համար։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, հղում տալով ԱԱՆ-ի մամուլի ծառայության տվյալներին, ԱԱՆ-ի գլխավոր հետաքննական վարչությունը նրանց դեմ քրեական գործ է հարուցել քրեական օրենսգրքի 12.1, 279.1 և 170.3 հոդվածների շրջանակներում։ Հրապարակվել են բոլոր 26-ի անուն-ազգանունները և այլ մանրամասներ։ Համաձայն նրանց՝ ձերբակալվածների ճնշող մեծամասնությունը՝ 22 հոգին, Սիրիայի տարածքում 2013-2014 թթ. անդամակցել են զինված խմբավորումներին, 2-ը ձերբակալվել են Իրանի սահմանն անցնելիս՝ Սիրիա մեկնելու ճանապարհին: Ինչ վերաբերում է մնացյալ 2-ին, ապա նրանցից մեկը՝ Վյուղար Դուրսունալիևը, մեղադրվում է անչափահասին Սիրիա մեկնել դրդելու համար. նա, ըստ հետաքննության, ոգեշնչել է իր որդուն կռվել Սիրիայում և վճարել է տրանսպորտային ծախսերը։

Առավել մանրամասն տվյալներ են հրապարակվել ձերբակալված Էլշան Ղուրբանլիի վերաբերյալ ։ Նա 2014-ի մայիսին մեկնել է Թուրքիա, ապա «Աբու Բաքր» մականունով ոմն անձի օգնությամբ անցել Սիրիա՝ անդամակցելով «Իսլամական պետություն» իսլամիստական խմբավորմանը՝ մինչ այդ խմբավորման զինյալների մոտ հատուկ պատրաստություն անցնելով։ 2014-ի օգոստոսին արդեն Ղուրբանլին մեկնել է Իրաք՝ նույն ամսում մասնակցելով Հադիսե քաղաքի մերձակայքում ընթացած մարտերին, որտեղ էլ վիրավորվել է և կարճ ժամանակ անց վերադարձել Ադրբեջան։

Նշենք, որ Ադրբեջանում երկրի սահմաններից դուրս զինված խմբավորումներին աջակցելու, ֆինանսավորելու, զենք-զինամթերք տրամադրելու և անդամակցելու համար քաղաքացին կարող է դատապարտվել մինչև 20 տարի ազատազրկման։

Հիշեցնենք, որ 2014-ի ապրիլին Ադրբեջանի տարբեր շրջանների ոստիկանական բաժանմունքները հրապարակել էին Սիրիա մեկնած ադրբեջանցիների վերաբերյալ տվյալներ։ Հետևելով սույն ցուցակին՝ կարող ենք արձանագրել, որ այդ պահի դրությամբ Ադրբեջանի ոստիկանությունը հաստատում է՝ Սիրիա էին մեկնել 111 ադրբեջանցիներ, նրանցից սպանվել են 17-ը, հաշվառման ցուցակներում են 317 հոգի։ Ընդ որում, Ադրբեջանի քաղաքացիների առավել մեծ թվաքանակ Սիրիա է մեկնում երկրի հյուսիսարևմտյան՝ Դաղստանին սահմանակից շրջաններից։ Հատկանշական է նաև, որ ցուցակում հիմնականում լեզգիաբնակ շրջանների տվյալներն են։

2013-ի կեսերից ի վեր ադրբեջանական մամուլը, մասնավորապես՝ ԱՊԱ լրատվական գործակալությունը, հաղորդում են Սիրիայում կռվող և սպանված, հիմնականում ծայրահեղ իսլամիստական խմբավորումներին անդամակցած Ադրբեջանի քաղաքացիների մասին։ Ադրբեջանական մամուլը չի հստակեցնում՝ ինչ աղբյուրներից է քաղել տեղեկությունը, բացի այդ էլ, մինչ օրս Ադրբեջանի ԱԳՆ-ն չի հաստատել, որ սպանված զինյալներն ադրբեջանցիներ են կամ Ադրբեջանի քաղաքացիներ։

Նկատենք նաև, որ ադրբեջանական ոչ պաշտոնական աղբյուրները 2014-ի հունիսին տեղեկություններ էին տարածել Ադրբեջանի քաղաքացիների՝ Իրաք մեկնելու և իսլամիստական խմբավորումներին անդամագրվելու մասին։

Մասնավորապես, Haqqin.az կայքի աղբյուրներով՝ Ադրբեջանից Իրաք կռվելու են մեկնել առնվազն 10 քաղաքացիներ: Ադրբեջանական լրատվամիջոցները 2014-ի հուլիսին տեղեկություններ են շրջանառել Իրաքի տարածքում «Իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման շարքերում մարտնչող ադրբեջանցու՝ Իրաքում մարտերի ընթացքում սպանվելու մասին։

 

2 responses to “Ադրբեջանում ձերբակալել են Սիրիայում և Իրաքում իսլամիստներին անդամակցած 26 հոգու

  1. Pingback: Ադրբեջանում քննարկում են «Իսլամական պետությունում» կռվող ադրբեջանցիների հարցը | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ հոկտեմբերի 6-11 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *