Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը չի բացառել, որ թուրքական կողմը կմիանա Միացյալ Նահանգների գլխավորությամբ «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման դեմ կոալիցիային։ Ընդ որում, Էրդողանը նշել է, որ Թուրքիան կարող է միանալ ԻՊ-ի դեմ միջազգային պայքարին ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական ուղիներով։
Էրդողանը նշել է, որ դրական է գնահատում «Իսլամական պետության» դեմ ռազմական գործողությունները, ինչպես նաև ողջունել է ԱՄՆ որոշումը ռմբահարել իսլամիստների դիրքերն ինչպես Իրաքում, այնպես էլ Սիրիայում և կոչ արել չդադարեցնել ռմբակոծությունը՝ դրանք դարձնելով շարունակական։ Թուրքիայի նախագահը նաև շեշտել է, թե ներկայում իրենց չեն փոխանցվել հստակ տեղեկություն, թե ինչպիսի թիրախներ են խոցվել, որտեղ էին դրանք տեղակայված։ Էրդողանը նաև նշել է, որ այս հարցը մանրամասն քննարկելու է Նյու Յորքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման ժամանակ։
Նշենք, որ ԱՄՆ ներկայում ակտիվորեն քայլեր է կատարում Իրաքի և Սիրիայի մի շարք տարածքներում հաստատված ԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիա ստեղծելու ուղղությամբ։ Կոալիցիային միանալու առաջարկ է ստացել նաև Թուրքիան, որը, սակայն, հրաժարվում էր պատերազմել իսլամիստական խմբավորման դեմ՝ իր որոշումը պատճառաբանելով նրանով, որ ԻՊ-ը գերի է պահում Մոսուլում Թուրքիայի հյուպատոսարանի 49 աշխատակցի և նրանց ընտանիքի անդամներին, իսկ ԻՊ-ի դեմ գործողությունների հետևանքով գերիները կարող են տուժել։ Սակայն Թուրքիան այժմ հայտնվել է այլ իրավիճակում, քանի որ սեպտեմբերի 20-ին «Իսլամական պետության» կողմից գերեվարված դիվանագետներն անվնաս տեղափոխվել են Թուրքիա։
Միևնույն ժամանակ, տեղական և արտասահմանյան լրատվամիջոցները շարունակում են Թուրքիային մեղադրել ԻՊ-ին աջակցելու, ինչպես նաև նրանից նավթ գնելու համար։ Պաշտոնական Անկարան հերքում է այդ մեղադրանքները։
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. սեպտեմբերի 21-27 | Ռազմ.info