Ուկրաինայում բախումների սկզբից մինչ օրս Դոնբասում 3543 մարդ է զոհվել

Ուկրաինայի հարավ-արևելքում մինչ օրս շարունակվող ներքին հակամարտության զոհերի թիվը, եթե հաշվի առնենք նաև մալայզիական Բոինգ 777-ի՝ Դոնեցկում կործանվելու հետևանքով գրանցված զոհերին, կացնի 3543-ը։

Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «ԻՏԱՐ ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, հղում տալով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ մարդու իրավունքների գծով օգնական Իվան Շիմոնովիչի խոսքերին, Ուկրաինայի ներսում հարկադիր տեղահանվածների թիվը հասել է 275.5 հազարի։

Շիվոնովիչը հավելել է, որ այս թիվը կրկնակի աճել է օգոստոսի սկզբից մինչև սեպտեմբերի սկիզբն ընկած ժամանակահատվածում։ Ընդ որում, ՄԱԿ-ից հավաստիացնում են՝ այս թիվն իրականում շատ ավելի մեծ է, քանի որ ոչ բոլոր դեպքերն են գրանցվում։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ը 2014-ի սեպտեմբերին հաղորդել էր՝ Դոնբասում սպանվել է ոչ պակաս քան 3 հազար հոգի՝ սկսած հակամարտության մեկնարկից։

Հավելենք, որ 2014-ի փետրվարի 22-ին, Ուկրաինայում Մայդանի հակակառավարական ցույցերի արդյունքում իշխանափոխություն եղավ. Գերագույն ռադան գահընկեց արեց նախագահ Վիկտոր Յանուկովիչին, նրա պաշտոնակատար նշանակվեց Ալեքսանդր Տուրչինովը։

2014-ի մարտի 16-ին անցկացված հանրաքվեով Ղրիմն անջատվեց Ուկրաինայից և գերադասեց մտնել Ռուսաստանի կազմի մեջ։ Հանրաքվեից երկու օր անց՝ մարտի 18-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց հրամանագիր, որով կարգադրեց ներառել արդեն անկախացած Ղրիմի Հանրապետությունը ՌԴ կազմի մեջ։ Ուկրաինայի իշխանությունները, ինչպես նաև արևմտյան մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, հանրաքվեն վավեր չեն ճանաչում մինչ օրս։ Հանրաքվեից հետո ՌԴ-ի դեմ միջազգային մակարդակով պատժամիջոցներ են սահմանվել։

Բացի այդ, Ուկրաինայի հարավ-արևելքում 2014-ի ապրիլի կեսերից բախումներ են ընթանում ուկրաինացի ուժայինների և տեղի ապստամբների զինված խմբերի միջև։ ՄԱԿ-ի տվյալներով՝ 2014-ի ապրիլի կեսերից մինչ օրս Ուկրաինայի տարածքում սպանվել են ավելի քան 2.5 հազար խաղաղ բնակիչներ, վիրավորվել են 6 հազարը։ 2014-ի մայիսին Պյոտր Պորոշենկոն դարձել է Ուկրաինայի նախագահ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *