Նալբանդյանը հանդիպել է Իրանի և Ռումինիայի արտգործնախարարներին, Կոսովոյի նախագահին

Նյու Յորքում ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 69-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 23-ին հանդիպել է Իրանի և Ռումինիայի արտգործնախարարներին, ինչպես նաև Կոսովոյի նախագահին։

ՀՀ և Իրանի արտգործնախարարների հանդիպումը

ՀՀ և Իրանի արտգործնախարարների հանդիպումը

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հանդիպման ժամանակ բարձր գնահատեցին երկու հարևան երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները և կարևորեցին համատեղ ծրագրերի իրականացումն ու համագործակցության ընդլայնումը: Անդրադարձ կատարվեց առաջիկայում կայանալիք փոխայցելություններին, ինչպես նաև Թեհրանում նախատեսված հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի նախապատրաստական աշխատանքներին։

Նալբանդյանն ու Զարիֆը քննարկեցին Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացի վերջին զարգացումները։ Մտքեր փոխանակվեցին մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։

Հայաստանի արտգործնախարարի հաջորդ հանդիպումը Ռումինիայի արտաքին գործերի նախարար Տիտուս Կորլացեանի հետ էր: Զրուցակիցներն անդրադարձան հայ-ռումինական հարաբերությունների օրակարգային հարցերին:

Նախարարները մտքեր փոխանակեցին երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական կապերի զարգացման, միջխորհրդարանական և ապակենտրոնացված համագործակցության խորացման վերաբերյալ։

Էդվարդ Նալբանդյանն ու Տիտուս Կորլացեանը կարևորեցին երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև պարբերական քաղաքական խորհրդատվությունների անցկացումը և փոխգործակցության ակտիվացումը միջազգային կազմակերպությունների շրջանակներում։ Անդրադարձ կատարվեց Հայաստան-ԵՄ հարաբերություններին։

Ռումինիայի արտաքին գերատեսչության ղեկավարի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերն ուղղված Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։

Նույն օրը նախարար Նալբանդյանը հանդիպում ունեցավ Կոսովոյի նախագահ Աթիֆեթե Յահյագայի հետ։ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ թեև Հայաստանը չի ճանաչել Կոսովոն, սակայն նման կարգի հանդիպումներն օգտակար են մտքերի փոխանակման համար: Յահյագան ներկայացրեց Կոսովոյի հարևան երկրների հետ հարաբերությունները։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային գերակա մի շարք խնդիրների վերաբերյալ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *