ՊԲ 3 զինծառայող թեթև վնասվածքներ են ստացել. հայկական զինուժը վերահսկում է իրավիճակը սահմանին

Մարտակերտի ուղղությամբ հակառակորդի հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը կասեցնելիս օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը զոհվել է Պաշտպանության բանակի զորամասերից մեկի զինծառայող, ավագ լեյտենանտ Զորիկ Ժիրայրի Գևորգյանը

Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը Ռազմինֆոյի հետ զրույցում հայտնել է, որ նույն հետախուզադիվերսիոն փորձի հետևանքով  ՊԲ 3 զինծառայող վնասվածքներ է ստացել: «Զինծառայողների ստացած վնասվածքները շատ թեթև են, անհանգստանալու կարիք չկա, նրանց վիճակը ներկայումս գնահատվում է լավ»,-շեշտել է ՊԲ խոսնակը:

Նշենք, որ երեկվանից լուրեր էին շրջանառվում՝ հակառակորդի ստորաբաժանումները գնդակոծում են են ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Ռազմինֆոյին մեկնաբանել է իրավիճակը. «Իրականում Տավուշի սահմանային հատվածներում փոխհրաձգություն է, հայկական կողմը համարժեք պատասխան է տալիս: Իրավիճակը համեմատաբար լարված է եղել օգոստոսի 1-ի գիշերն ու օգոստոսի 2-ի առավոտյան ժամերին: Ներկա դրությամբ իրավիճակը գնահատում ենք նորմալ: Հայկական զինուժը լիովին վերահսկում է դրությունը սահմանին»:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է վերջին օրերին հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակին։

Հաղորդագրությունում նշվում է՝ ադրբեջանական զինված ուժերը չեն դադարեցնում հայկական ուժերի դիրքերը ներթափանցելու և դիվերսիոն գործողություններ իրականացնելու փորձերը: ՀՀ ՊՆ-ն կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանն ուղղված քայլերից և ջանքեր գործադրել հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ: Առկա լարվածությունը սաստկացնելուն ուղղված ադրբեջանական կողմի գործողությունների շարունակման դեպքում հայկական զինուժը ստիպված կլինի էլ ավելի խստացնելու Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարության` ռազմական տրամաբանությունից զուրկ և անմիտ վրեժխնդրության դրսևորումների նկատմամբ պատժամիջոցները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *