Ադրբեջանի 2 քաղաքացի ցմահ ազատազրկվել է Իրանի օգտին լրտեսության համար

Օգոստոսի 1-ին Բաքվի՝ ծանր հանցագործությունների գծով դատարանը Ադրբեջանի քաղաքացիներ Հաֆիզ Վելիևին և Աղամիր Աղամիրովին դատապարտել է ցմահ ազատազրկման՝ նրանց մեղավոր ճանաչելով 274 հոդվածով, այն է՝ պետական դավաճանություն:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը, նրանց դատավարությունն ընթացել էր փակ դռների հետևում, ուստի դատավարության մանրամասները հայտնի չեն ու մինչ օրս չեն հրապարակվել:

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին Ադրբեջանը փոփոխություններ է արել Քրեական օրենսգրքում, որոնց համաձայն՝ պետական դավաճանության համար սահմանված պատժի ժամկետը երկարացվել է՝ հասցվելով 14-20 տարի ազատազրկման:

Հավելենք նաև, որ վերջին տարիներին Ադրբեջանը մի քանի անգամ մեղադրանքներ է հղել Իրանին լրտեսների պատրաստելու և Ադրբեջան ուղարկելու համար, իսկ Իրանն էլ իր հերթին մեղադրում է Ադրբեջանին իսրայելական հետախուզության հետ իր դեմ համագործակցելու համար:

Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության տվյալներով՝ 2011-ի մարտից մինչև 2012-ի մարտն ընկած ժամանակահատվածում 24 հոգի Ադրբեջանի տարածքում Իրանի օգտին լրտեսություն են արել: Ընդ որում, 2012-ի հոկտեմբերին Բաքուն մեղադրանքներ է առաջադրել 22 հոգու Իրանի համար լրտեսություն կատարելու առնչությամբ՝ նրանց դատապարտելով 3-13 տարի ազատազրկման:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *