Նման գործելաոճի պահպանման դեպքում հայկական զինուժը կպատժի ավելի խիստ. ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է վերջին օրերին հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակին։ Հաղորդագրությունում նշվում է՝ ադրբեջանական զինված ուժերը չեն դադարեցնում հայկական ուժերի դիրքերը ներթափանցելու և դիվերսիոն գործողություններ իրականացնելու փորձերը:

ՀՀ ՊՆ վարչական համալիր

ՀՀ ՊՆ վարչական համալիր

Արցախի պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ կիրառվում են խոշոր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներ և զինամթերք` նռնականետեր, ականանետեր, զենիթային հրանոթներ և ջերմաճնշումային արկեր: Հաճախակիացել է նաև սահմանամերձ բնակավայրերի գնդակոծումը: Օրըստօրե ավելանում են երկու կողմերի կորուստները:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարոււմ է, որ Ադրբեջանի ԶՈւ նման գործելակերպը ամբողջովին հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցությունների ոգուն ու տրամաբանությանը և հղի է ծավալուն ռազմական գործողությունների վերաճելու իրական վտանգով:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանն ուղղված քայլերից և ջանքեր գործադրել հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:

Առկա լարվածությունը սաստկացնելուն ուղղված ադրբեջանական կողմի գործողությունների շարունակման դեպքում հայկական զինուժը ստիպված կլինի էլ ավելի խստացնելու Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարության` ռազմական տրամաբանությունից զուրկ և անմիտ վրեժխնդրության դրսևորումների նկատմամբ պատժամիջոցները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *