Լիտվան հետևակի մարտական մեքենաների մատակարարման մրցույթ է հայտարարել

Լիտվայի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է ուղարկել զրահատեխնիկա արտադրող 9 արտասահմանյան ընկերությունների ու տեղեկացրել է, որ մտադիր է գնել հետևակի մարտական մեքենաներ, ինչի համար էլ սպասում է ընկերությունների առաջարկներին:

Ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» կայքը հայտնում է, որ մինչև 2014-ի հոկտեմբեր ընկերությունները կկարողանան հետևակի մարտական մեքենաների մատակարարման իրենց առաջարկներն ուղարկել Լիտվայի պաշտպանության նախարարությանը: Նախարարությունն իր հերթին 2015-ին մեքենաների գնման պայմանագիրը կկնքի ընկերություններից մեկի հետ:

Լիտվայի զինված ուժերում շահագործվող M113 ամերիկյան զրահափոխադրիչներ

Լիտվայի զինված ուժերում շահագործվող M113 ամերիկյան զրահափոխադրիչներ

Նախատեսվում է, որ Լիտվայում նոր հետևակի մարտական մեքենաները կփոխարինեն երկրի զինված ուժերի սպառազինության մեջ առկա ամերիկյան M113 զրահափոխադրիչներին, որոնք, սակայն, կշարունակեն շահագործվել զինված ուժերում: Պատճառն այն է, որ թեև լիտվական կողմի հավաստմամբ ամերիկյան զրահափոխադրիչները հաջողությամբ կարողանում են կատարել անձնակազմի տեղափոխման առաջադրանքները, սակայն դրանք արդյունավետ չեն կարող գործել անմիջապես մարտի դաշտում:

Լիտվական կողմը չի բացահայտում, թե ինչ պահանջներ է ներկայացրել գնելիք հետևակի մարտական մեքենաներին: Սակայն ենթադրվում է, որ դրանք պիտի համապատասխանեն ՆԱՏՕ-ի ստանդարտներին, որպեսզի հեշտությամբ ինտեգրվեն ամբողջ սպառազինությանը: Դա կնպաստի նաև նրան, որ նոր հետևակի մարտական մեքենաների համար հավելյալ ենթակառուցվածք չստեղծվի:

Ավելացնենք, որ Լիտվայի հարևաններից մեկը՝ Լատվիան, նույնպես սպառազինության արդիականացման ծրագիր է իրականացնում ներկայում: 2014-ի մարտին Մեծ Բրիտանիայի ու Լատվիայի պաշտպանության նախարարները համաձայնություն էին ձեռք բերել, ըստ որի՝ լատվիական կողմը նախատեսում էր ձեռք բերել բրիտանական CVR(T) զրահապատ մարտական մեքենաներր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *