Լատվիան գնելու է բրիտանական օգտագործված զրահամեքենաներ

Մեծ Բրիտանիայի ու Լատվիայի պաշտպանության նախարարները համաձայնություն են ձեռք բերել, ըստ որի՝ լատվիական կողմը նախատեսում է ձեռք բերել բրիտանական CVR(T) զրահապատ մարտական մեքենաներ։

Չնայած, որ վերջնական գործարք դեռ չի եղել, սակայն կողմերի պայմանավորվածությունից հայտնի է, որ զրահամեքենաների համար Լատվիան կվճարի մոտ 96,5 մլն ամերիկյան դոլար։

Բրիտանական զինված ուժերի FV102 Striker զրահամեքենան

Բրիտանական զինված ուժերի FV102 Striker զրահամեքենան

70 զրահամեքենաների համար նախատեսված գումարն արդեն հաշվարկվել է Լատվիայի պետական բյուջեում, իսկ պայմանագիրը երկու կողմերը նախատեսում են կնքել մինչև 2014-ի մայիսի վերջ։

Գործարքի արդյունքում Լատվիան կստանա բրիտանական զինված ուժերում օգտագործված 70 CVR(T) զրահամեքենաներ։ Նախատեսված է, որ Միացյալ Թագավորությունում մեքենաները նախապես կնորոգեն ու չնչին արդիականացումներ կկատարեն։

Լատվիայի պաշտպանության նախարարությունն այս մեքենաները գնում է զինված ուժերի արդիականացման ավելի խոշոր ծրագրի շրջանակներում, որը ֆինանսների բացակայության պատճառով երկար ժամանակ հետաձգվում էր։ Միաժամանակ ուսումնասիրվում էին տեխնիկական պահանջները, որոնք պիտի տրվեն զրահատեխնիկան մատակարարողներին։ 2013-ի ավարտին Լատվիան վերջապես որոշեց գումար հատկացնել զրահամեքենաները գնելու համար ու սկսեց բանակցություններ բրիտանական գործընկերների հետ։

Զինված ուժերի արդիականացման ամբողջ ծրագիրը նախատեսված է ավարտել 2020 թվականին։ Լատվիայի համար այն կարժենա շուրջ 330 մլն ամերիկյան դոլար։

CRV(T)-ն (Combat Vehicle Reconnaissance (Tracked)) զրահապատ մարտական մեքենաների ընտանիք է, որի մեջ մտնում են նաև FV102 Striker ու FV101 Scorpion հայտնի զրահամեքենաները։ Այս ընտանիքի զրահատեխնիկայի առաջին օրինակները նախագծվել են դեռևս 1967 թվականին։ Հետագայում նույն պլատֆորմի վրա նախագծվել են բազմաթիվ այլ զրահապատ մարտական մեքենաներ։

2 responses to “Լատվիան գնելու է բրիտանական օգտագործված զրահամեքենաներ

  1. Pingback: Լիտվան հետևակի մարտական մեքենաների մատակարարման մրցույթ է հայտարարել | Ռազմ.info

  2. Pingback: Մեծ Բրիտանիան դուրս գրած զրահատեխնիկան ուղարկում է Լատվիա | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *