Պենտագոնը կշարունակի գնել ծովային հետախուզության Պոսեյդոն ինքնաթիռները

Պենտագոնն ավելի քան 2 միլիարդ դոլար կhատկացնի լրացուցիչ 16 միավոր ծովային հետախուզական P-8A ինքնաթիռների գնման համար։ Հեռահար հետախուզության Պոսեյդոն ինքնաթիռի հիմքում ամերիկյան Բոինգ 737 կոմերցիոն օդանավն է։ Գործարքի ավարտին ԱՄՆ ռազմածովային ուժերում այս դասի հետախուզական ինքնաթիռների ընդհանուր թիվը կհասնի 53-ի։ Ինչպես հաղորդում է DefenseNews ռազմական լրատվակայքը, այս մասին հայտնել են ԱՄՆ զինուժի ներկայացուցիչները։

Ռազմածովային ուժերի հրամանատարությունը P-8A Poseidon հետախուզական ինքնաթիռների համալրումով նպատակ ունի փոխարինել արդեն մի քանի տասնամյակ սպառազինությունում շահագործվող P-3 Orion ինքնաթիռները։

Հարկ է նշել, որ Պոսեյդոնի նոր խմբաքանակի փորձարկման թռիչքների ժամանակ հայտնաբերվել են որոշ թերություններ։ Խափանումներ են տեղ գտել ինքնաթիռի հակասուզանավային տեղորոշիչների աշխատանքում, սակայն գործարքի վրա դա բացասաբար չի անդրադառնա, քանի որ արտադրողը պարտավորվել է շտկել առկա թերությունները։

Նշենք, որ ամերիկյան Բոինգ ընկերությունը բավական լայնածավալ պատվերներ ունի Պենտագոնից։ Որպես խոշոր գործարք կարելի է մատնանշել ԱՄՆ ռազմաօդային ուժերի պատվիրած լիցքավորող ինքնաթիռները, որոնք ավիաշինական ընկերությունը կառուցում է Բոինգ 767 կոմերցիոն օդանավի հիման վրա։ Շրջանառվում են նաև տեղեկություններ, թե ավիաշինական ընկերությունը ռազմական նշանակության ինքնաթիռներ է մատակարարելու նաև Ճապոնիային, սակայն մանրամասներ այս գործարքի մասին դեռևս հայտնի չեն։

Հավելենք նաև, որ Պենտագոնը մտադիր է ռազմաօդային ուժերի կազմում առկա P-8A Poseidon ինքնաթիռների ընդհանուր թիվը հասցնել 117-ի։

Ամերիկյան արտադրության P-8A Poseidon ինքնաթիռը նախատեսված է ստորջրյա թիրախների հայտնաբերման և անհրաժեշտության դեպքում նաև դրանց խոցման համար։ Ինքնաթիռի անձնակազմը բաղկացած է 2 օդաչուից և 7 օպերատորից։ Այն կարող է զարգացնել 900 կմ/ժ առավելագույն արագություն, օդում մնալ ավելի քան 4 ժամ։ Սպառազինությունում ունի հակասուզանավային տորպեդներ, հրթիռներ և ականներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *