Մեծ Բրիտանիան դուրս գրած զրահատեխնիկան ուղարկում է Լատվիա

Լատվիան համաձայնության է եկել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հետ, ինչի արդյունքում լատվիական կողմը կստանա բրիտանական ցամաքային զորքերից դուրս գրված զրահատեխնիկայի մի մասը, որը նախապես կնորոգեն բրիտանացիները, հայտնում է ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» կայքը:

Բրիտանական զինված ուժերի FV102 Striker զրահամեքենան

Բրիտանական զինված ուժերի FV102 Striker զրահամեքենան

Լատվիական կողմը շուրջ 64 մլն ամերիկյան դոլարի դիմաց ստանալու է 123 միավոր տարբեր արդիականացումների CVR(T) հիմնականում հետախուզության համար նախատեսված զրահապատ մարտական մեքենաներ, որոնք բրիտանական զինված ուժերը մինչ այդ կիրառել են Բոսնիայում ու Հերցեգովինայում, Իրաքում, Աֆղանստանում, իսկ 2010 թվականին դուրս են բերել սպառազինությունից:

Բրիտանական կողմը 123 միավոր զրահապատ մեքենաները տրամադրում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների փոխօգնության ու անդամների զինված ուժերի արդիականացման ծրագրերով: Էժանության տեսանկյունից սա ձեռնտու կլինի Լատվիային: Դրա հետ մեկտեղ բավական օգուտ կունենա նաև բրիտանական կողմը, քանի որ սպառազինությունից դուրս բերված մեքենաները ոչնչացնելու համար բրիտանացիները ստիպված կլինեին ավելի մեծ գումար ծախսել, քան նորոգելու ու Լատվիային փոխանցելու դեպքում:

Անհրաժեշտ է նշել, որ Լատվիայի պաշտպանության նախարարությունն այս մեքենաները գնում է զինված ուժերի արդիականացման ավելի խոշոր ծրագրի շրջանակներում, որը ֆինանսների բացակայության պատճառով երկար ժամանակ հետաձգվում էր։ Միաժամանակ ուսումնասիրվում էին տեխնիկական պահանջները, որոնք պիտի տրվեն զրահատեխնիկան մատակարարողներին։ 2012-ին լատվիական կողմն արդեն բանակցություններ էր սկսել բրիտանացիների հետ, իսկ 2014-ի փետրվարին երկու երկրների պաշտպանության նախարարներն արդեն պայմանավորվել էին զրահատեխնիկայի փոխանցման վերաբերյալ:

Զինված ուժերն արդիականացնելու ծրագրի վրա լատվիական կողմը նախատեսում է ծախսել ընդհանուր առմամբ ավելի քան 300 մլն ամերիկյան դոլար: Ծրագիրը տևելու է մինչև 2020 թվականը:

CRV(T)-ն (Combat Vehicle Reconnaissance (Tracked)) զրահապատ մարտական մեքենաների ընտանիք է, որի մեջ մտնում են նաև FV102 Striker ու FV101 Scorpion հայտնի զրահամեքենաները։ Այս ընտանիքի զրահատեխնիկայի առաջին օրինակները նախագծվել են դեռևս 1967 թվականին։ Հետագայում նույն պլատֆորմի վրա նախագծվել են բազմաթիվ այլ զրահապատ մարտական մեքենաներ:

One response to “Մեծ Բրիտանիան դուրս գրած զրահատեխնիկան ուղարկում է Լատվիա

  1. Pingback: Մեծ Բրիտանիան շուրջ 6 մլդր դոլարի զրահատեխնիկա է գնում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *