Բրիտանական զինված ուժերը պայմանագիր են կնքել General Dynamics ընկերության հետ, որի համաձայն՝ 5,8 մլրդ ամերիկյան դոլարով գնելու է հետախուզության համար նախատեսված 589 միավոր Scout SV զրահապատ մեքենաներ, հայտնում է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը:

Բրիտանական զինված ուժերի համար նախատեսված Scout SV զրահպատ հետախուզական մեքենայի նախասերիական արտադրության տարբերակը
Արտադրող ընկերությունը զրահապատ մարտական մեքենաները զինված ուժերին կհանձնի 2017-ից 2024 թվականներին, իսկ դրանցով զինված առաջին ստորաբաժանումները կհայտնվեն արդեն 2019 թվականին: Զրահապատ մեքենաները կփոխարինեն բրիտանական զորքերում արդեն 40 տարի օգտագործվող CVR(T) մեքենաներին, որոնց մի մասը արդեն դուրս են բերել զինված ուժերից ու նախատեսում են տրամադրել Լատվիայի զինված ուժերին:
Մեքենաները լինելու են 7 տարբերակով՝ 198 միավոր հետախուզա-հարվածային, 23 միավոր կրակի կառավարման, 24 միավոր հետախուզական (կրելու են շարժական ռատիոտեղորոշման կայաններ), 112 միավոր հրամանատարական, 34 միավոր հետախուզական-օժանդակ, 51 միավոր ինժեներա-հետախուզական ու ևս 59 միավոր զրահափոխադրիչներ: Մեքենաների անձնակազմերը, տարբերակից կախված, լինելու են 2-ից 4 հոգի:
Բոլոր 7 տեսակի մեքենաները պատրաստված են նույն թրթուռավոր պլատֆորմի հիմքի վրա, ինչի շնորհիվ հնարավոր է դրանց փոխարինումը մեկը մյուսով, առանձին մասերի, սարքերի փոխարինումը և այլն:
Ավելացնենք, որ զրահատեխնիկայի գնման ներկա մրցույթը բրիտանական զինված ուժերի արդիականացման ավելի խոշոր ծրագրի մի մասն է: FRES (Future Rapid Effect System) ծրագրով բրիտանական կողմը նախատեսում էր գնել շուրջ 4000 զրահապատ մարտական մեքենաներ, որոնք կկիրառվեին տարբեր նպատակների համար, սակայն միևնույն հիմքը կունենային ու փոխարինելի կլինեին մեկը մյուսով:
Հետագայում ծրագիրը կասեցրին ու բաժանեցին երկու՝ FRES SV (Specialist Vehicle) ու FRES UV (Utility Vehicle) առանձին ծրագրերի: Հետախուզական մեքենաների FRES SV ծրագրով բրիտանացիներն ընտրեցին Scout SV հետևակի մարտական մեքենան, որը ավստրիա-իսպանական նախագծման ASCOD (Austrian Spanish Cooperation Development) ՀՄՄ-ի՝ հատուկ բրիտանական ծրագրի համար նախատեսված տարբերակն է: Իսկ ահա FRES UV(սովորական ՀՄՄ) ծրագրի արդյունքում դեռ որևէ մեքենա չի ընտրվել: