Ընթացիկ տարում Ռուսաստանում կարող են մեկնարկել Տ-50 կործանիչի սպառազինության փորձարկումները

Ռուսաստանում արդեն 2014-ին հնարավոր է սկսվեն հինգերորդ սերնդի նախագծման ճակատային ավիացիայի հեռանկարային ավիացիոն համալիրի՝ Տ-50 ինքնաթիռի սպառազինության փորձարկումները։

Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Ռիա-Նովոստի» գործակալությունը, այս մասին Գելենջիքում կայացած «Հիդրոավիասալոն» ցուցահանդեսի ժամանակ լրագրողներին հայտնել է «Տակտիչեսկոյե ռակետնոյե վոոռուժենիյե» (Тактическое ракетное вооружение) կորպորացիայի ղեկավար Բորիս Օբնոսովը։

Տ-50 կործանիչ

Տ-50 կործանիչ

Տ-50-ը կամ ինչպես դրա ռուսերեն հապավումն է ՊԱԿ ՖԱ-ն (перспективный авиационный комплекс фронтовой авиации ПАК ФА), հինգերորդ սերնդի ռուսաստանյան կործանիչն է, որը պատկանում է «Սուխոյ» ընկերության նախագծմանը։

Ռուսաստանյան կողմի հավաստմաբ, կործանիչի թռիչքային փորձարկումներն անցել են բարեհաջող և դրանց ընթացքում որևէ լուրջ թերություններ ի հայտ չեն եկել, իսկ այժմ, փաստորեն, նախանշված է Տ-50-ի սպառազինության փորձարկման փուլը։ Բորիս Օբնոսովը հայտնել է, որ այդ փուլի մեկնարկի համար փաստաթղթային բոլոր հարցերը լուծված են, կա համապատասխան որոշում ու թույլտվություն և հենց ընթացիկ տարում էլ «Սուխոյ» ընկերության հետ համատեղ կմեկնարկեն սպառազինության փորձարկումները։

Նշենք, որ սպռառազինության ոլորտում ավանդական մրցակիցներ հանդիսացող Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները մրցակցում են նաև հինգերորդ սերնդի կործանիչի ստեղծման հարցում։ ԱՄՆ-ն, սակայն, զգալիորեն առաջ է անցել այս դասի իր ինքնաիթիռի՝ F-35-ի ստեղծման հարցում։

Մինչ Մոսկվան նոր-նոր է սկսում սպառազինության փորձարկումները, Պենտագոնն ունի թեպետ տարաբնույթ մանր խնդիրներով հարուստ, բայց արդեն կայացած կործանիչ, որի շուրջ 100 օրինակն արդեն իսկ համալրել է երկրի ռազմաօդային ուժերի շարքերը, իսկ մի շարք երկրներ, որոնց թվում Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ճապոնիան, Նիդերլանդները և Ավստրալիան, ներկայացրել են F-35-ի սահմանափակ քանակության նախնական պատվերներ։

Հավելենք նաև, որ հինգերորդ սերնդի սեփական կործանիչ ստեղծելու դեռևս մշուշոտ հավակնություններ ունեն նաև Ճապոնիան, Չինաստանը, Թուրքիան և մի քանի այլ երկրներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *