Ցուցադրել են Լեհաստանում արտադրված ուկրաինական Դոզոր-Բ զրահամեքենան

Լեհաստանում անցկացված MSPO-2014 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ լեհաստանյան MISTA ընկերությունը ներկայացրել է սեփական արտադրության Դոզոր-Բ զրահամեքենան, որի արտադրության իրավունքը ստացել է Ուկրաինայից, հայտնում է ռուսաստանյան «Ռազմավարության ու տեխնոլոգիաների ուսումնասիրության կենտրոնի» բլոգը:

Լեհաստանում արտադրված Դոզոր-Բ ուկրաինական զրահամեքենան

Լեհաստանում արտադրված Դոզոր-Բ ուկրաինական զրահամեքենան

Մեքենայի լեհաստանյան տարբերակն արտաքինից որոշակիորեն տարբերվում է ուկրաինականից մասնավորապես պաշտպանիչ ցանցերով: Լեհաստանում մեքենան անվանել են Oncilla ու նախատեսում են առաջարկել երկրի զինված ուժերին՝ զրահամեքենաների գնման մրցույթ հայտարարվելու դեպքում:

Նշենք, որ MISTA ընկերությունը Դոզոր-Բ զրահապատ մարտական մեքենայի արտադրության արտոնագիրը ստացել է 2013-ի կեսերին: Նույն թվականին ընկերությունը հայտարարել է, որ արդեն պատրաստել է մեքենաների առաջին խմբաքանակը ու ունի պատվիրատու, սակայն այլ մանրամասներ չի հայտնել:

Ավելացնենք, որ մեքենան ներկայում արտադրության մեջ է նաև Ուկրաինայում, որտեղ այն նախատեսում են առաջիկայում ընդունել սպառազինության ու ուղարկել երկրի արևելքում ապստամբների դեմ կռվող կառավարական ուժերին:

2014-ի հունիսի կեսերին Ուկրաինայի խորհրդարանի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերն ու ազգային գվարդիան ուկրաինական պետական «Ուկրօբորոնպրոմ» ընկերությանը պատվիրել են տրամադրել 200 միավոր Դոզոր-Բ թեթև զրահապատ մեքենաներ: Իսկ 2014-ի հուլիսին դրանք ուկրաինական ԲՏՌ-3 ու ԲՏՌ-4 զրահափոխադրիչների հետ փորձարկումների են մասնակցել, որոնց արդյունքում փորձարկողները նշել են, որ Դոզորներն ավելի թեթև են, էժան ու ավելի քիչ վառելիք են օգտագործում, քան ուկրաինական զրահափոխադրիչները՝ միաժամանակ կատարելով նույն խնդիրները:

Ուկրաինական Դոզոր-Բ զրահապատ մեքենան փորձարկումների ժամանակ

Ուկրաինական Դոզոր-Բ զրահապատ մեքենան փորձարկումների ժամանակ

Ավելացնենք, որ Դոզոր-Բ (Дозор-Б) թեթև զրահամեքենաների արտադրությամբ զբաղվում է Մորոզովի անվան՝ Խարկովի մեքենաշինության կոնստրուկտորային բյուրոն։ Մեքենան 4×4 անվային ընթացամասով զրահամեքենա է, որը նախատեսված է անձնակազմի և բեռների տեղափոխման, ինչպես նաև որպես կապի կայան աշխատելու համար։

Անձնակազմը 3 հոգի է, իսկ մեքենան ունակ է տեղափոխել մինչև 8 մարդու։ Առավելագույն արագությունը մոտ 100 կմ/ժ է։ Զինված է 12,7 մմ ՆՍՎՏ գնդացիրով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *