Իրադրությունն Իրաքում. թարմացվող լրահոս. հուլիսի 8

Իրաքի զինված ուժերի և «Իրաքի և Լևանտի (Ասորիքի) իսլամական պետություն» իսլամիստական (սուննի ուղղության) կազմակերպության միջև մարտերը փոփոխակի հաջողությամբ շարունակվում են։

Սիրիայում հաջող գործողություններից հետո ԻԼԻՊ-ն այժմ էլ ակտիվացել է Իրաքում՝ գրավելով այդ երկրի երկրորդ խոշոր քաղաքը՝ Մոսուլն ու փորձելով առաջանալ մայրաքաղաք Բաղդադի ուղղությամբ։

Վերջին օրերին իրաքյան զինուժը փորձում է ազատել Տիգրիտը զինյալների վերահսկողությունից։ Իսկ այսօր հայտնի է դարձել, որ իսլամիստներն օգտագործում են Թուրքիայում գողացված ավտոմեքենաներ։

Իրաքում զարգացումներին օպերատիվ հետևելու համար առաջարկում ենք թարմացվող լրահոսը.

14:40- Թուրքական լրատվամիջոցները տեղեկություն են ստանում, թե Սիրիայում ԻԼԻՊ-ին է միացել «Դավուդի  (Դավթի) բրիգադ» խմբավորումը, որը նույնպես Բաշար Ասադի հակառակորդների թվում է։ Ըստ նույն աղբյուրի՝ ջոկատում կա 1000-ից ավել զինյալ, որոնք ունեն նաև զրահատեխնիկա և մեծ քանակությամբ ամենագնացներ։

14։20- 2013 թվականիից ի վեր Թուրքիայում գողացված 1800-ից ավել ավտոմեքենա, որոնք գաղտնի տեղափոխվել են Սիրիա, անցել են ԻԼԻՊ-ի ձեռքը, որոնք էլ դրանք ակտիվորեն կիրառում է Սիրիայում և Իրաքում։ Նման տեղեկություն է հրապարակել թուրքական «Միլիյեթ» պարբերականը՝ հղում կատարելով հետախուզական փաստաթղթերի։ Բացի այդ, իսլամիստներն ունեն նաև գողացված ավտոմեքենաներ Իրանից, Հորդանանից, Լիբանանից, Սաուդյան Արաբիայից։ Ավտոմեքենաները հիմնականում փիքափներ ու ամենագնացներ են։

12։40- Հուլիսի 3-ին Իրաքի տարածքում Իրանի Իսլամական Հանրապետության Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի օդատիեզերական ուժերի օդաչու Շուդջաադա Ալամդարի Մորջանին մահացել էր անհայտ պայմաններում: Հուլիսի 7-ին կայացել է նրա հուղարկավորության արարողությունը: Արարողությունն անցկացվել է Շիրազ քաղաքում, ապա օդաչուի դին հուղարկավորել են նրա հայրենի գյուղում:

12։00- Միացյալ Նահանգները դեռևս 2011 թվականին 10 մլն դոլար գլխագին էին առաջարկել ԻԼԻՊ-ի ներկայիս ղեկավարԱբու Բաքր ալ Բաղդադիի համար։ ԱՄՆ-ն նրան ընդգրկել էր վտանգավոր ահաբեկիչների ցանկում և վնասազերծելու համար որոշել էր առաջարկել 10 մլն ամերիկյան դոլար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *