Ֆրանսիացիները կարող են արդիականացնել Եգիպտոսի Միրաժ կործանիչները

Ֆրանսիական Thales ընկերությունը Եգիպտոսի հետ բանակցությունների մեջ է, որոնց առարկան վերջինիս ռազմաօդային ուժերի ավիապարկում առկա Միրաժ կործանիչների արդիականացումն է։ Նախնական գնահատականով, կողմերի միջև կարող է կնքվել 1.3-ից 3.4 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ պայմանագիր։ Այս մասին գրում է ֆրանսիական La Tribune պարբերականը։

Միրաժ-2000 կործանիչներ. Եգիպտոսի ՌՕՈւ

Միրաժ-2000 կործանիչներ. Եգիպտոսի ՌՕՈւ

Վերջինիս տվյալներով, Thales ընկերությունը Եգիպտոսի հետ կործանիչների արդիականացման հարցի շուրջ բանակցում է արդեն 2 տարի։ Գործարքի կայացմանը փորձում է խոչընդոտել Իսրայելը, սակայն, չնայած դրան, Ֆրանսիայի կառավարությունը տվել է իր հավանությունը։

Դեռևս ստույգ հայտնի չէ, թե ինչ քանակությամբ կործանիչ և դրանց բաղկացուցիչ որ մասերն են արդիականացվելու, սակայն ֆրանսիական պարբերականի աղբյուրները նշում են, որ խոսքն առնվազն 16 միավոր Միրաժ-2000-ի մասին է, որոնց վրա կտեղադրվի ռադիոտեղորոշիչ նոր կայան, ինչպես նաև արդիականացված բորտ-էլեկտրոնային համակարգ, որը թույլ կտա կիրառել «օդ-օդ» դասի կառավարվող ժամանակակից հրթիռներ։

Նշենք, որ Եգիպտոսի ռազմաօդային ուժերի ավիապարկում առկա է ընդհանուր առմամբ շուրջ 100 միավոր Միրաժ-2000 և Միրաժ-5 կործանիչ։ 1977-1983 թվականներին գնվել է 81 միավոր Միրաժ-5, իսկ 1990-ականների սկզբին՝ Եգիպտոսը դարձավ Միրաժ-2000 կործանիչի օտարերկրյա առաջին գնորդներից մեկը՝ ստանալով դրա 20 օրինակ։

Ֆրանսիական արտադրության Միրաժ-5 բազմաֆունկցիոնալ կործանիչը շահագործման է հանձնվել 1970-ին։ Այն կարող է զարգացնել մինչև 2 350 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը 18 000 մետր է։ Սպառազինությունում կործանիչն ունի 30 մմ-անոց ավիացիոն երկփող հրանոթ և ամրակցման 7 կետ՝ տարբեր նշանակության ռումբերի ու հրթիռների համար։

Միրաժ-2000 կործանիչը շահագործվում է 1984-ից։ Այն կարող է զարգացնել մինչև 2 200 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը 16 460 մետր է։ Սպառազինությունում կործանիչն ունի 30 մմ-անոց ավիացիոն երկփող հրանոթ և ամրակցման 9 կետ՝ տարբեր նշանակության ռումբերի ու կոնտեյներների, ինչպես նաև «օդ-օդ» և «օդ-մակերևույթ» դասի հրթիռների համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *