Իրաքում իրանցի օդաչու է սպանվել. միջադեպի մանրամասները հայտնի չեն

Հուլիսի 3-ին Իրաքի տարածքում Իրանի Իսլամական Հանրապետության Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի օդատիեզերական ուժերի օդաչու Շուդջաադա Ալամդարի Մորջանին մահացել էր անհայտ պայմաններում: Հուլիսի 7-ին կայացել է նրա հուղարկավորության արարողությունը:Ինչպես հաղորդում է իրանական Ettelaat.com լրատվակայքը, արարողությունն անցկացվել է Շիրազ քաղաքում, ապա օդաչուի դին հուղարկավորել են նրա հայրենի գյուղում:

Շեշտենք, որ մինչ օրս չեն հրապարակվել  իրանցի օդաչուի մահվան միջադեպի մանրամասները: Միայն նշենք՝ հենց Շիրազ քաղաքից են սույն թվականի հուլիսի 1-ին իրանական Սու-25 գրոհիչներն ուղարկվել Իրաքի տարածք՝ տեղի կառավարությանն  «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն»(ԻԼԻՊ) իսլամիստական խմբավորման դեմ պայքարում աջակցելու նպատակով: Հենց նույն օրն էլ ինքնաթիռները սկսել են հարվածներ հասցնել ԻԼԻՊ-ի զինյալների դիրքերին:

Հիշեցնենք, որ Սիրիայում հաջող գործողություններից հետո ԻԼԻՊ-ն այժմ էլ ակտիվացել է Իրաքում՝ գրավելով այդ երկրի երկրորդ խոշոր քաղաքը՝ Մոսուլն ու փորձելով առաջանալ մայրաքաղաք Բաղդադի ուղղությամբ։ Վերջին օրերին իրաքյան զինուժը փորձում է ազատել Տիգրիտը զինյալների վերահսկողությունից։

Հավելենք նաև, որ հուլիսի սկզբին Իրաքի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում հաղորդագրություն էր հայտնվել, որի համաձայն Իրաքը ՌԴ-ից գնած Սու-25-երից հետո ստացել է այս գրոհիչների ևս մի խմբաքանակ, սակայն չի նշվում, թե որտեղից։ Այդուհանդերձ, համացանցում տարածված տեսանյութից ակնհայտ երևում է՝ սույն ինքնաթիռները պատկանել են Իրանի Իսլամական Հանրապետության Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսին։ Դրա մասին են վկայում իրանական կողային համարները, ինչպես և որոշ ինքնաթիռների վրա նշմարվող իրանական դրոշը։

One response to “Իրաքում իրանցի օդաչու է սպանվել. միջադեպի մանրամասները հայտնի չեն

  1. Pingback: Իրադրությունն Իրաքում. թարմացվող լրահոս. հուլիսի 8 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *