ՀՀ դիվանագետներն այցելել են Քեսաբ

Հուլիսի 1-3-ը Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանի և Դամասկոսի Հայ Առաքելական Եկեղեցու թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի ուղեկցությամբ այցելեց Լաթաքիա նահանգ:

Այցի ընթացքում հուլիսի 1-ին դեսպան Փոլադյանը հանդիպում ունեցավ Լաթաքիայի նահանգապետ Ահմադ Շեյխ Աբդուլքադերի հետ:

Դեսպան Փոլադյանի հանդիպումները Լաթաքիայում

Դեսպան Փոլադյանի հանդիպումները Լաթաքիայում

Հանդիպմանը Լաթաքիայի նահանգապետը ՀՀ դեսպանին ներկայացրեց նահանգի սոցիալ-տնտեսական իրավիճակը: Երկուստեք ընդգծվեց Լաթաքիայի, ինչպես նաև քեսաբահայության դերը նահանգի սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքում, մտքեր փոխանակվեցին ներկայումս նրանց առջև ծառացած հիմնախնդիրների և դրանց լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ: Այդ համատեքստում Լաթաքիայի նահանգապետը և դեսպան Փոլադյանն անդրադարձան վերջերս սիրիական բանակի կողմից ազատագրված հայաբնակ Քեսաբում այժմ տիրող իրադրությանը:

Այցի շրջանակներում դեսպան Փոլադյանն այցելեց Քեսաբ, ուր քաղաքապետ Վազգեն Չափարյանի և շտապօգնության մարմնի հետ քննարկեց քեսաբահայերի՝ հայրենի քաղաք վերադարձի և նոր կյանք սկսելու հետ կապված դժվարություններն ու դրանց լուծման հնարավոր ուղիները: Դեսպանն այցելեց նաև Քեսաբի ռազմական ընդհարումների ընթացքում տուժած հայկական եկեղեցիներն ու մշակութային կենտրոնները:

Այնուհետև Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում կայացավ ՀՀ քաղաքացու անձնագրերի հանձնման արարողությունը: Միջոցառմանը մասնակցեցին Լաթաքիայի հոգևոր հայրեր և համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիսավոր պայմաններում ՀՀ քաղաքացու անձնագրեր ստացան մի քանի տասնյակ լաթաքիահայեր, տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *