Ուկրաինան կարող է շուտով սպառազինության ընդգրկել Դոզոր-Բ զրահամեքենաները

Ուկրաինական «Ուկրօբորոնպրոմ» պետական ընկերությունը հերթական անգամ փորձարկումների է դուրս բերել սեփական արտադրության Դոզոր-Բ զրահապատ մարդատար մեքենաները: Այս մասին հայտնում է պետական ընկերության կայքը:

Այս անգամ Խարկովի զորավարժարաններից մեկում ուկրաինացիները փորձարկել են մեքենայի երթային հնարավորությունները: Դրանք, ըստ Խարկովի մեքենաշինության կոնստուկտորային բյուրոյի փորձարկումների բաժնի ղեկավար Ալեկսանդր Կատորգինի, գոհացուցիչ են եղել:

Ըստ պաշտոնյայի՝ Դոզորները ավելի լավ երթային հնարավորություններ են ցույց տվել, քան ուկրաինական արտադրության ԲՏՌ-4Ե զրահափոխադրիչները, որոնք նույնպես մասնակցել են փորձարկումներին: Միաժամանակ Դոզոր-Բ զրահամեքենաները ավելի քիչ վառելիք են ծախսում՝ տեղափոխելով նույնքան անձնակազմ՝ 11 զինծառայող:

Ուկրաինական Դոզոր-Բ զրահապատ մեքենան փորձարկումների ժամանակ

Ուկրաինական Դոզոր-Բ զրահապատ մեքենան փորձարկումների ժամանակ

Ըստ այդմ՝ ուկրաինական կողմը նախատեսում է առաջիկայում սպառազինության մտցնել մեքենաները, մատակարարել զինված ուժերին ու ազգային գվարդիային ու ուղարկել երկրի արևելք՝ ապստամբների հետ մարտերին: Միաժամանակ մեքենայի արտադրողներն այն կարծիքի են, որ Դոզոր-Բ մեքենաներն ունեն նաև արտահանման հեռանկար:

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս՝ հունիսի կեսերին, Ուկրաինայի խորհրդարանի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերն ու ազգային գվարդիան ուկրաինական պետական «Ուկրօբորոնպրոմ» ընկերությանը պատվիրել են տրամադրել 200 միավոր Դոզոր-Բ թեթև զրահապատ մեքենաներ:

Պաշտոնյայի խոսքով՝ Դոզոր-Բ մեքենաները ավելի արդյունավետ կարող են ծառայել երկրի զինված ուժերին ու ազգային գվարդիային, քանի որ դրանք ավելի թեթև են, ավելի արագ ու որ ամենակարևորն է, ավելի էժան, քան ուկրաինական սպառազինության մեջ առկա զրահափոխադրիչները: Չնայած դրան, պետք է նշել, որ մինչև զրահափոխադրիչները մտցվեն սերիական արտադրության, կանցնի զգալի ժամանակ, ենթադրաբար՝ ամիսներ:

Մյուս կողմից դեռևս 2013-ի սեպտեմբերին Լեհաստանը սկսել է նույն մեքենաների արտոնագրային արտադրությունը: Հետևաբար չի բացառվում, որ Ուկրաինան կարող է սեփական նախագծման մեքենաները գնել Լեհաստանից:

Մինչ այս Ուկրաինան սեփական զինված ուժերի ու ազգային գվարդիայի համար պատվիրում էր ԲՏՌ-3 կամ ԲՏՌ-4 զրահափոխադրիչներ, պատվերները ներկայում էլ շարունակվում են: Այնուամենայնիվ հավանական է, որ ֆինանսական միջոցների սղության պատճառով ուկրաինական ուժայինները կարող են անցնել թեթև զրահավորմամբ ավելի էժան Դոզոր-Բ մեքենաներին:

Նշենք, որ Դոզոր-Բ (Дозор-Б) թեթև զրահամեքենաների արտադրությամբ զբաղում է Մորոզովի անվան՝ Խարկովի մեքենաշինության կոնստրուկտորային բյուրոն։ Մեքենան 4×4 անվային ընթացամասով զրահամեքենա է, որը նախատեսված է անձնակազմի և բեռների տեղափոխման, ինչպես նաև որպես կապի կայան աշխատելու համար։

Անձնակազմը 3 հոգի է, իսկ մեքենան ունակ է տեղափոխել մինչև 8 մարդու։ Առավելագույն արագությունը մոտ 100 կմ/ժ է։ Զինված է 12,7 մմ ՆՍՎՏ գնդացիրով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *