Ուկրաինան ծանր զրահափոխադրիչներից կարող է անցնել թեթև զրահամեքենաների

Ուկրաինայի զինված ուժերն ու ազգային գվարդիան ուկրաինական պետական «Ուկրօբորոնպրոմ» ընկերությանը պատվիրել են տրամադրել 200 միավոր Դոզոր-Բ թեթև զրահապատ մեքենաներ: Այս մասին, ըստ defensenews.com կայքի, հայտնել է Ուկրաինայի խորհրդարանի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը:

Ուկրաինական «Դոզոր-Բ» զրահամեքենա

Ուկրաինական «Դոզոր-Բ» զրահամեքենա

Պաշտոնյայի խոսքով՝ Դոզոր-Բ մեքենաները ավելի արդյունավետ կարող են ծառայել երկրի զինված ուժերին ու ազգային գվարդիային, քանի որ դրանք ավելի թեթև են, ավելի արագ ու որ ամենակարևորն է, ավելի էժան, քան ուկրաինական սպառազինության մեջ առկա զրահափոխադրիչները:

Տուրչինովը նշել է նաև, որ Դոզոր-Բ զրահամեքենաների արտադրության ծավալումը օգտակար կլինի նաև երկրի տնտեսության համար: Չնայած դրան, պետք է նշել, որ մինչև զրահափոխադրիչները մտցվեն սերիական արտադրության, կանցնի զգալի ժամանակ, ենթադրաբար՝ ամիսներ:

Մյուս կողմից դեռևս 2013-ի սեպտեմբերին Լեհաստանը սկսել է նույն մեքենաների արտոնագրային արտադրությունը: Հետևաբար չի բացառվում, որ Ուկրաինան կարող է սեփական նախագծման մեքենաները գնել Լեհաստանից:

Մինչ այս Ուկրաինան սեփական զինված ուժերի ու ազգային գվարդիայի համար պատվիրում էր ԲՏՌ-3 կամ ԲՏՌ-4 զրահափոխադրիչներ, պատվերները ներկայում էլ շարունակվում են:

Ընդ որում՝ Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի ներկայացուցիչ Վլադիմիր Չեպովոյը հայտնել է, որ ուկրաինական զինված ուժերն ու ազգային գվարդիան շուրջ 1000 զրահապատ մեքենաների կարիք ունեն: Ու թեև ներկայում քննարկումը ծավալվում է ԲՏՌ-3 ու ԲՏՌ-4 զրահափոխադրիչների շուրջ, սակայն դիտարկվում է նաև Դոզոր-Բ մեքենաների տարբերակը:

Հավանական է, որ ֆինանսական միջոցների սղության պատճառով ուկրաինական ուժայինները կարող են անցնել թեթև զրահավորմամբ ավելի էժան Դոզոր-Բ մեքենաներին:

Նշենք, որ «Դոզոր-Բ» (ДОЗОР-Б) թեթև զրահամեքենաների արտադրությամբ զբաղում է Մորոզովի անվան խարկովյան ավտոշինական կոնստրուկտորային բյուրոն։ Այն 4×4 սկզբունքի վրա աշխատող զրահամեքենա է, որը նախատեսված է անձնակազմի և բեռների տեղափոխման, ինչպես նաև որպես կապի կայան աշխատելու և այլ նշանակության  համար։

Անձնակազմը 3 հոգի է, իսկ մեքենան ունակ է տեղափոխել մինչև 8 մարդու։ Առավելագույն արագությունը մոտ 100 կմ/ժ է։ Զինված է 12,7 մմ ՆՍՎՏ գնդացիրով։ Ուկրաինական զինված ուժերի սպառազինության մեջ է 2005 թվականից։

2 responses to “Ուկրաինան ծանր զրահափոխադրիչներից կարող է անցնել թեթև զրահամեքենաների

  1. Pingback: Ուկրաինան կարող է շուտով սպառազինության ընդգրկել Դոզոր-Բ զրահամեքենաները | Ռազմ.info

  2. Pingback: Ցուցադրել են Լեհաստանում արտադրված ուկրաինական Դոզոր-Բ զրահամեքենան | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *