«Ես երբեք որևէ առիթով չեմ ասել, որ մեր բանակում թերություններ չկան». Սերժ Սարգսյան: Օրվա ամփոփում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է բանակին, իսկ ՊՆ-ում` հանդիպման ժամանակ, հանձնարարել է  շփման գծում խստացնել մարտական հերթապահությունը: «Միավորված հայեր» և «Ժառանգություն» կուսակցությունները պատասխանել են «Բանակն իրականում» նախաձեռնությանը: Շարքային զինծառայողն ու մայորը ավտոպատահարի հետևանքով տեղափոխվել են հիվանդանոց:

  • «Ես երբեք որեւէ առիթով չեմ ասել, որ մեր բանակում թերություններ չկան, եւ որեւէ մեկը չի կարող ինձնից լավ իմանալ մեր բանակի թերությունները, թողեք, մի քիչ էլ ես գլուխ գովեմ: Բայց ամեն ինչ պետք է գնահատել համեմատության մեջ, թե չէ՝ անհասկանալի է, թե ո՞վ է դատավորը: Եթե մեր բանակը մենք համեմատում ենք մեր հարեւանների հետ` իդելական է, եթե համեմատում ենք աշխարհի ամենալավ բանակների հետ` թերություններ կան: Սակայն տեսեք, թե մենք ինչքան գումար ենք հատկացնում, նրանք` ինչքան»,- ասել է Սերժ Սարգսյանը:
  • Իսլամական ահաբեկչության ոլորտի փորձագետ Սարգիս Գրիգորյանը, մեկնաբանելով վերջին միջադեպը Տավուշում, հայտարարել է, որ «ցանկացած նպատակաուղղված հարձակում խաղաղ բնակիչների վրա ահաբեկչություն է»:
  • «Բանակն իրականումը» կոչ է անում բանակի ղեկավարությանը «բանակը զերծ պահել նաեւ կուսակցական պարտադրանքից եւ մայիսի 6-ին զինծառայողներին ազատ ընտրության հնարավորություն տալ քվեարկության ժամանակ»:
  • «Գորիս» քրեակատարողական հիմնարկում գտնվող զինծառայող Սուրեն Կիրակոսյանի մայրը հայտարարել է, որ պատրաստ է պայքարել, մեռնել ու իր 23 տարեկան տղի կյանքը փրկել: Իսկ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը հայտնել է, որ Սուրենի կյանքին վտանգ չի սպառնում, նա բժիշկների հսկողության տակ է, առողջական վիճակը բավարար է: Նա նաև հավելել է, որ զինվորին առաջարկվել է խալերի վիրահատություն իրականացնել, բայց նա հրաժարվել է:
  • «Միավորված հայեր» և «Ժառանգություն» կուսակցությունները պատասխանել են «Բանակն իրականում» նախաձեռնությանը՝ նշելով, թե բանակին առնչվող ինչ ծրագրեր են պատրաստվում իրականացնել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *