Հունիսի 12-ին Ադրբեջանի ճանապարհային ոստիկանությունը հրապարակել է հունիսի 11-ին Նախիջևանում գրանցված ճանապարհատրանսպորտային խոշոր պատահարի զոհերի և վիրավորների անունները։Ըստ այդմ, հայտնի է դարձել, որ պատահարի հետևանքով վիրավորվել է ոչ թե մեկ զինծառայող, ինչպես ավելի վաղ հայտնում էին ադրբեջանական լրատվակայքերը, այլ՝ երկու։
Ըստ հաղորդագրության՝ վիրավորվել են պայմանագրային զինծառայողներ Էլշան Շիրինովը և Ուֆան Հասանովը։ Փաստենք, որ երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել էր տեղեկությունը։
Հայտնի է, որ զինծառայողներին տարբեր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց։ Թե ինչ վնասվածքների մասին է խոսք գնում, դեռևս չի հստակեցվում։
Բացի այդ, ճանապարհային ոստիկանությունը հայտնել է նաև մահացած քաղաքացիների անունները՝ Կյուբրա Ալիևա, Ումիդ Ալիև, Ուգուր Ալիև, Հուսեին Հուսեինով և Գյույլյու Հուսեինովա։ Մեքենայում եղող մյուս երկու քաղաքացիներին՝ Էլմար Ֆատալիևին և Հայալա Հուսեյնովային երկու զինծառայողների հետ տեղափոխել են հիվանդանոց։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 11-ին զինծառայողներ փոխադրող ԿամԱԶ բեռնատարը բախվել էր մարդատար ավտոմեքենային, ինչի հետևանքով մահացել էին մարդատարի ուղևորներից 5-ը, վնասվածքներ ստացել 2-ը։ Մահացածների թվում է նաև 1 երեխա։