Տանձիկի ջրամբարում հայտնաբերված զինծառայողի դին դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել, բայց եզրակացության մասին դեռևս վաղ է ինչ-որ բան ասել։ Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, Ռազմինֆոյի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը։
Ըստ ավագ սպայի՝ դեռևս մայիսի 3-ին քրեական գործ էր հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ ՀՀ անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը։
Այն հարցին, թե ինչի հետևանքով է վրա հասել մահը, Մերի Սարգսյանը նշեց, որ պատասխանը հայտնի կլինի միայն փորձաքննության ավարտից հետո։
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 11-ին, Արփա գետի երկայնքով սահմանային չեզոք գոտում` Տանձիկի ջրամբարում, հրշեջ-փրկարարները, ջրափրկարարները և զինծառայողները որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերել էին զինծառայող Մերուժան Հարությունյանի դին:
Վայքի զորամասերից մեկի զինծառայող, ավագ լեյտենանտն անհետ կորած էր մայիսի մեկից։
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. մայիսի 11-17 | Ռազմ.info