Boeing-ը շարունակում է F-16 կործանիչներն անօդաչուների վերածման աշխատանքները

Ամերիկյան Boeing ավիաշինական ընկերությունը աշխատանքներ է տանում F-16 կործանիչները լիարժեք անօդաչու թռչող սարքերի վերածելու ուղղությամբ, որպեսզի դրանք լայնորեն կիրառվեն ԱՄՆ զինուժում։ 

QF-16

QF-16

Այս մասին հաղորդում է «Ջեյնս» ռազմական վերլուծական հանդեսը։

Համաձայն աղբյուրի՝ Boeing-ը Lockheed Martin ընկերության նախատեսված 126 միավոր F-16-երից 6 միավորը արդեն իսկ վերակազմավորել է QF-16 անօդաչու-թիրախների, որոնք շահագործվում են ԱՄՆ ռազմաօդային ուժերում, հիմնականում՝ զորավարժությունների կամ փորձարկումների ժամանակ։ Այնուհանդերձ, ինժեներների վկայությամբ՝ իրենց համար դեռևս գլխավոր խնդիր է մնում QF-16-ին թռիչքի հնարավորինս մեծ բարձրությամբ ապահովելը։

Նկատենք նաև, որ անօդաչու թիրախները, ինչպես հստակեցրել է Boeing-ի գլխավոր ինժեներ Փոլ Սեժասը, պիտանի են նաև հակառակորդի դաշտում օդային հարվածներ հասցնելու համար, եթե դրանք կիրառող կողմը չի ցանկանում ավելի թանկարժեք անօդաչու թռչող սարքեր կամ ինքնաթիռներ օգտագործել սույն նպատակով։

Հարկ է նշել նաև, որ Boeing-ին հնարավորություն է տրված ԱՄՆ ավիացիոն պարկի հնացած ինքնաթիռները։ Խոսքը մասնավորապես Արիզոնա նահանգում կայանած ամերիկյան ինքնաթիռների մասին է, որոնք, ըստ աղբյուրի, առավել դյուրին կերպով կվերափոխվեն անօդաչուի, քան թե F-16-ը։

Հիշեցնենք, որ դեռևս 2013-ի աշնանը հայտնի էր դարձել՝ Boeing-ը կատարելու է ԱՄՆ զինուժի պատվերը՝ QF-16-երի հերթական խմբաքանակ տրամադրելու առնչությամբ։ Համապատասխան պայմանագիրը կնքվել է 2013-ի հոկտեմբերի 10-ին։ Գործարքի արժեքը կազմել է 24.7 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ կատարման ժամկետ է նշանակվել 2015 -ի հոկտեմբերի 9-ը։

Նկատենք, որ ավելի վաղ՝ 2013-ի սեպտեմբերին, QF-16-երը փորձարկումների փուլեր են անցել։ Մասնավորապես, սեպտեմբերի կեսերին QF-16 ինքնաթիռ-թիրախը հաջողությամբ կատարել է թռիչքն ու վայրէջքը, ինչպես նաև երկնքում մի շարք մանևրներ իրականացրել։ F-16-ի հիմքի վրա ստեղծված անօդաչու թիրախը օդ է բարձրացվել առանց օդաչուի. այն ցամաքից ղեկավարել են երկու օպերատորները։

Ներկա դրությամբ ամերիկյան զինուժը լայնորեն կիրառում է  QF-4 ինքնաթիռները՝ որպես անօդաչու թիրախներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *