Փրկարարները գտել են կորած սպայի դին: Զինծառայողի մահվան առնչությամբ քրեական գործ է հարուցվել:Արցախի վարչապետը գիշերը մարտական դիրքում է անցկացրել: ՀՀ խաղաղապահ ստորաբաժանումը կտեղակայվի Քաբուլում:
-Մայիսի 11-ին Արփա գետի երկայնքով սահմանային չեզոք գոտում` Տանձիկի ջրամբարում, հրշեջ-փրկարարները, ջրափրկարարները և զինծառայողները որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերել են զինծառայող Մերուժան Հարությունյանի դին: Մայիսի 12-ին սպայի դին դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել, բայց եզրակացության մասին դեռևս վաղ է ինչ-որ բան ասել։
-Մայիսի 10-ին Իջևանում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացած զինծառայող Ներսես Ղազարի Կարապետյանի դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել 365-րդ հոդվածի երրորդ մասի հատկանիշներով։ Այն է՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը: Մայիսի 11-ին Սեյրան Օհանյանն այցելել էր այդ զորամաս, անձամբ ծանոթացել միջադեպի հանգամանքներին, որից հետո անցկացրել էր արտակարգ խորհրդակցություն ռազմական ոստիկանության՝ Իջևանի տարածքային բաժնում։ Նախարարը ծառայողական քննության ողջ ընթացքը վերցրել է իր անմիջական հսկողության տակ:
-Մայիսի 11-ին Արցախի վարչապետ Արա Հարությունյանն այցելել է Արցախի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկը, որտեղ 20 տարի առաջ էլ ավարտել էր իր մարտական ուղին։ Վարչապետը ծանոթացել է նաև մարտական հենակետի նյութատեխնիկական պայմաններին, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավորության սահմաններում բարելավել պայմանները։
-Մենք ուղերձ ենք ուղարկել, որ ցանկացած դիրքից, եթե մեր զինվորին կրակեն, միայն այդ դիրքը գրավելու ենք։ Ուժի դիրքից թելադրողի պարագայում մենք խաղաղությունը կարող ենք հարատև դարձնել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը։
-ՀՀ ՊՆ պատվիրակությունը ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորությամբ մայիսի 12-ից 13-ը Գերմանիայի Պոտսդամ քաղաքում մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ISAF առաքելության Հյուսիսային հրամանատարությանը ուժեր տրամադրող երկրների ռազմաքաղաքական պլանավորման համաժողովին, որտեղ ստորագրված համաձայնագրի շրջանակներում հայաստանյան մեկ խաղաղապահ ստորաբաժանում առաքելություն կիրականացնի Քաբուլում:
-Այսուհետ արտերկրի բուհերում սովորելու համար զինծառայությունից տարկետման իրավունք արական սեռի քաղաքացիները կստանան միայն ՀՀ կառավարության համապատասխան անհատական որոշման դեպքում: Արտերկրում սովորելու մեկնող քաղաքացիները ՀՀ Կառավարության հետ կկնքեն 8,5 միլիոն դրամ գրավի պայմանագիր, ինչը պիտի երաշխիք լինի ուսանողների՝ Հայաստան վերադառնալու համար:
Ռազմաշաբաթը նաև`