20 տարի անց Արցախի վարչապետը գիշերն անցկացրել է նույն մարտական հենակետում

Մայիսի 11-ին Արցախի վարչապետ Արա Հարությունյանն այցելել է Արցախի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկը, որտեղ 20 տարի առաջ էլ ավարտել էր իր մարտական ուղին։

Արցախի վարչապետ Արա Հարությունյանն զինադադարի հաստատման օրն այցելել է մարտական հենակետ

Արցախի վարչապետ Արա Հարությունյանն զինադադարի հաստատման օրն այցելել է մարտական հենակետ

«Զինծառայողներն անակնկալի էին եկել, քանի որ վարչապետը ոչ ոքի չէր զգուշացրել։ Միասին ընթրեցինք, իսկ գիշերը զինծառայողների հետ մարտական հերթապահություն իրականացրինք»,- Ռազմինֆոյի հետ զրույցում նշեց Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը։

Ըստ մամուլի քարտուղարի՝ գիշերը զարմանալիորեն հանգիստ է անցել։ «Ընդհանրապես այդ հենակետն ամենավտանգավորներից է համարվում ու գրեթե ամեն օր գոնե մի քանի կրակոց լինում է, այդ գիշեր լրիվ հանգիստ անցավ»,- շեշտեց Արտակ Բեգլարյանը։

Հավելենք, որ վարչապետը ծանոթացել է նաև մարտական հենակետի նյութատեխնիկական պայմաններին, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավորության սահմաններում բարելավել պայմանները։

Տեղեկացնենք, որ ուղիղ 20 տարի առաջ այս օրը Արցախյան պատերազմն ընդմիջվեց հրադադարի պայմանագրի կնքմամբ։ 1994 թվականին մայիսի 12-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը, Արցախի բանակի հրամանատարն ու Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարը ստորագրեցին հրադադարի մասին պայմանագիր, որով կողմերը համաձայնեցին հետևյալի մասին.

«Ապահովել կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցումը` սկսած 1994 թվականի մայիսի 12-ի 00 ժամ 01 րոպեից: Մինչև ոչ ուշ, քան 1994 թվականի մայիսի 11-ը հրադադարի մասին համապատասխան հրամանները կտրվեն և կհաղորդվեն ռազմական ստորաբաժանումների հրամանատարներին, որոնք պատասխանատու են դրանց իրականացման համար:  Մայիսի 12-ին` մինչև ժամը 23.00, Կողմերը կփոխանակեն հրադադարի մասին իրենց հրամանների տեքստերը` դրանց հնարավոր փոխադարձ լրացման և հետագայում համանման փաստաթղթերի հիմնական դրույթների ներդաշնակեցման նպատակով»:

Հրադադարի պայմանագրի ստորագրումից անցել է 20 տարի, իսկ պայմանագրի առաջին ու ամենակարևոր կետն այդպես էլ անկատար է մնացել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *