Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակին օպերատիվ հետևելու համար առաջարկում ենք թարմացվող լրահոսը։
” Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն այցելել է Սլավյանսկ քաղաքի շրջանում տեղակայված հակաահաբեկչական գործողությունների ճամբար, որտեղ նա ազգային գվարդիայի շահագործմանն է հանձնել ուկրաինական արտադրության 4 միավոր ԲՏՌ-4 զրահափոխադրիչ։ Յացենյուկը նաև պարգևատրել ու շնորհակալություն է հայտնել այն ուժայիններին, ովքեր վերջին օրերին ակտիվ ներգրավված են եղել Սլավյանսկում և դրա մատույցներում իրականացվող մարտական գործողություններում։
Նկատենք, որ Յացենյուկն այսօր շահագործման է հանձնել այն 42 զրահափոխադրիչներից 4-ը, որոնք Իրաքը վերադարձրել էր՝ հայտնաբերված մի շարք թերությունների պատճառով։
***
” Հայտնի է դարձել, որ ժամը 15։00-ի սահմաններում Սլավյանսկ քաղաքի մերձակայքում տեղի է ունեցել գերիների փոխանակում ուկրաինական կողմի և այսպես կոչված Դոնբասի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչների միջև։
Փոխանակման արդյունքում դոնբասցիները հանձնել են Ուկրաինայի անվտանգության ծառայության «Ալֆա» ջոկատի գերևարված 3 սպաների և փոխարենը ստացել Դոնեցկի շրջանի նահանգապետ Պավել Գուբրևին ու Սլավյանսկի քաղաքապետի տեղակալ Իգոր Պերեպեչենկոյին։ Վերջիններս համարվում են Ուկրաինայի արևելքում ծայր առած շարժման ակտիվ կազմակերպիչներ։
Գերիների փոխանակման մասին տեղեկությունը հաստատել է նաև Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը, իսկ համացանցում հայտնվել է գործընթացի տեսագրությունը։
***
” Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 7-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադաձել է Ուկրաինայում ծավալվող իրադարձություններին։ Նախագահն խոսել է ադ մասին Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուրքհալթերի հետ Կրեմլում ունեցած հանդիպումից հետո։
Վլադիմիր Պուտինը 2014-ի մայիսի 25-ին Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրությունները որակել է որպես «քայլ ճիշտ ուղղությամբ»։
Միևնույն ժամանակ, Պուտինը կոչ է արել դադարեցնել ուժային գործողություններն Ուկրաինայի արևելյան քաղաքներում: Ռուսաստանի նախագահը դիմել է նաև Դոնբասի և Լուգանսկի շրջաններում ծայր առած շարժման մասնակիցներին՝ առաջարկելով հետաձգել 2014-ի մայիսի 11-ին նշանակված ինքնորոշման հանրաքվեն։
***
18:10 Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, որում նշվում է, որ Սլավյանսկ քաղաքում բարիկադավորված, այսպես կոչված ինքնապաշտպանական ուժերը «Ֆագոտ» հակատանկային հրթիռային համալիրներ են տեղակայել քաղաք մտնող կենտրոնական ճանապարհների անցակետերում։
Նշենք, որ այս համալիրների հմուտ կիրառման դեպքում «ինքնապաշտպանական ուժերը» կարող են զգալի կորուստներ պատճառել ուկրաինական զինուժի ստորաբաժանումներին, եթե վերջիններս քաղաքի գրոհի ժամանակ փորձեն կիրառել զրահատեխնիկա։
***
13:30-Ուկրաինայի ՆԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ Դոնեցկի ինքնակռչակ ժողովրդական հանրապետության պաշտպանության նախարար Իգոր Կակիդզյանովը ձերբակալված է։ Ըստ աղբյուրի՝ «ապստամբները կրակ են բացել ոստիկանությանը պատկանող, Մարիուպլից Բերդյանսկ ուղևորվող ավտոբուսի ուղղությամբ։ Դրա հետևանքով վարորդը վիրավորվել է, ուղևորներից 2-ը, այդ թվում՝ պաշտպանության նախարարը, գերի են ընկել»։
***
13։21 ” Դոնեցկի օդանավակայանը դեռ չի ընդունում միջազգային չվերթները։
***
13։20 ” Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, թե այսօր վաղ առավոտյան վերահսկողության տակ է վերցրել Մարիուպոլի քաղաքապետարանի շենքը։ Բացի այդ, ուկրաինացի ոստիկանները ձերբակալել են մի քանի հոգու, ովքեր կասկածվում են քաղաքապետարանի շենքը գրավելու համար։
***
12։30 ” Ներկայում իրավիճակը Սլավյանսկում համեմատաբար հանգիստ է, այս մասին հայտնում են քաղաքում հաստատված «ինքնապաշտպանական ուժերի» շտաբից։
Հիշեցնենք, որ ուկրաինական ուժային կառույցներն ուղղաթիռների և զրահամեքենաների աջակցությամբ մայիսի 2-ին գրոհել են Սլավյանսկ քաղաքը, որը վերջին օրերին ռուսամետ ուժերի վերահսկողության ներքո էր։ Մարտերի ժամանակ Սլավյանսկում ռուսամետ ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է վայր գցել ուկրաինական 3 Մի-24 ուղղաթիռներ, վնասել և ոչնչացրել մեկական Մի-8 ուղղաթիռ։
Ինքնապաշտպանական ուժերը հայտնել են նաև իրենց շարքերում և քաղաքացիական անձանց շրջանում զոհերի մասին։
Կիևի իշխանություններն այս գրոհից հետո նմանատիպ փորձեր են արել նաև այլ ուղղություններով, մասնավորապես Կրամատորսկում, ինչի արդյունքում արդեն մի քանի օր է, ռուսամետ ուժերի վերահսկողության տակ բնակավայրերում մարտեր են տեղի ինքնապաշտպանական ուժերի և ուկրաինական ուժային կառույցների միջև։
Օդեսայում ռուսամետ և ուկրաինամետ ուժերի միջև բախումների հետևանքով զոհերի թիվն հաշվվում է տասնյակներով։
Իրավիճակի և զարգացումների մասին տեղեկությունները բավական իրարամերժ են. ուկրաինական և ռուսական կողմերի տվյալները զգալի տարբերվում են։
Pingback: Տաջիկստանում տեղակայված ռուսական ռազմակայանում զինծառայողների պլանային հերթափոխ է | Ռազմ.info