Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր ուխտագնացության շրջանակներում Այգեպար գյուղում էինք։ Ամբողջ գյուղը հավաքվել էր հյուրերի հետ զրուցելու ու Քրիստոսի հարության խորհուրդը ստանալու։

Ուխտավորներն Այգեպարի բնակիչների հետ դպրոցի բակում են
Մեջտեղում` Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը
Մինչ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը շնորհակալալան խոսք էր ասում սահմանապահ ժողովրդին, ադրբեջանական կողմը դարձյալ խախտեց հրադադարի ռեժիմը։ Ոչ ոք տեղից չշարժվեց, կարծես չէին էլ լսել կրակոցի ձայնը։ Միայն մի բան հնչեց՝ եկեք մի փոքր այս կողմ, անվտանգության համար ենք ասում։
«Տեսնո՞ւմ եք՝ պարզ երևում են դիրքերը։ Տրակտորը հողում գործ էր անում, դրա համար էլ այդ ուղղությամբ կրակեցին։ Մեր հրամանատարն էլ այդ տեխնիկայի մոտ կանգնած աշխատում է, ամեն զինվորի կյանք հրամանատարի համար թանկ է, կարո՞ղ էր, չէ ,գնալ իր առանձնասենյակում նստել ու ուրիշին ուղարկել»,-դպրոցից դեպի դիրքերի կողմը գնալով՝ սկսեց պատմել ներկայումս պայմանագրային զինծառայող, նախկինում դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Դավիթ Արզումանյանը։
«Ուսուցչի աշխատանքից հրաժարվել եմ, հիմա պայմանագրային եմ։ 23 տարի մանկավարժություն եմ արել Այգեպարի դպրոցում։ Աշխատավարձն այնքան քիչ էր, որ հնարավոր չէր ընտանիք պահել, իսկ հիմա եռապատիկ շատ եմ ստանում պայմանագրային լինելով։ Ամսվա մի մասը դիրքապահ եմ, մյուս մասը գյուղատնտեսությամբ եմ զբաղվում։ Եթե չկրակեն, ապրել հնարավոր է»,- ասում է Դավիթ Արզումանյանը։
Ըստ նախկին ուսուցչի՝ դպրոցն այսօր ֆիզկուլտուրայի ուսուցիչ չունի, տնօրինությունն էլ չի համաձայնում ամսվա մի մասով ֆիզկուլտուրայի ուսուցչին աշխատանքի ընդունել։
Շարունակում ենք զրույցն ու փորձում հասկանալ, թե ինչ է այդ հրադադարը, որի մասին այդքան խոսում ու շահարկում են, և ինչ է հրադադարի խախտումը սահմանապահ ժողովրդի համար։
«Ադրբեջանի հետ չես կարող բանակցություն վարել, երբ ուզում են, կրակում են։ Նրանց համար երեխա, կին, ծեր գոյություն չունի։ Մեր տարածաշրջանի ներկայիս հրամանատարությունն արտակարգ է, բոլորին շատ խիստ է վերաբերվում։ Բայց դե թուրքից բան չես հասկանում, իրենք իրենց հրաման են տալիս, մտածում էլ ենք, որ իրենք իրենց հրամանատարներին չեն էլ ենթարկվում, երբ հավեսները տալիս է, կրակում են»,- ասում է պայմանագրային զինծառայողը։
Ըստ Դավիթ Արզումանյանի՝ հրադադարը խախտվում է նախանշված օրերի, հատկապես տոների ժամանակ, երկկողմ հանդիպումների։
«Կրակոցը մեզ համար սրա նման մի հատ, երկու հատը չի, այլ այն, երբ սկսում են ու մոռանում ավարտել։ Օրեր կան, որ սպասում ենք, թե կկրակեն, բայց չեն կրակում։ Օրինակ՝ ապիլի 24-ին չկրակեցին»,- շարունակում է Դավիթ Արզումանյանը։
Պարզում ենք նաև, որ ներկայիս պայմանագրայինը պատերազմի մասնակից է։
«Վրայիցս չի երևում չէ՞, ջահել եմ մնացել (ժպտում է)։ 20 տարեկան էի, որ պատերազմը սկսվեց։ Դե ես էլ գյուղն էի պաշտպանում, ու որ ասում են, թե հրադադար հաստատելու օրը չեն կրակել, լավ էլ կրակել են։ Կարևորը մեր սահմաններն իսկապես ամուր են, չնայած քանակով քիչ ենք, բայց դա կապ չունի։ Ցերեկը քնում ենք, գիշերը՝ պահում»,- ևս մեկ անգամ մեզ վստահություն ու հավատ է ներշնչում ազատամարտիկ, պայմանագրային զինծառայող Դավիթ Արզումանյանը։
Հիշեցնենք, որ ուխտագնացությունը կազմակերպել էր Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը` Վեհափառ Հայրապետի օրհնությամբ:
3 օրվա ընթացքում շուրջ 140 ուխտագնացներ այցելեցին սահմանամերձ Այգեպար, Մովսես, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր գյուղեր և սահմանապահ զորամասերից մեկը։ Ուխտագնացության օրերին խմբին աջակցում էին Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը, «Տավուշ» հիմնադրամի տնօրեն Հայկ Չոբանյանը, Արշավիր Գաբուջյանը, մի շարք հոգևորականներ և այլք։