Հայկական զինուժի կորուստները 2014-ի ապրիլին. Ռազմինֆո

Հայկական զինված ուժերը (ներառյալ Պաշտպանության բանակը) 2014 թվականի ապրիլի 1-ից 30-ն ունեցել է 1 զոհ և 1 վիրավոր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զոհերի թիվը պահպանվել է։

տարբերանշանՌազմինֆոն հայկական բանակի կորուստները խմբավորել է ըստ երկու չափանիշների` «մարտական» և «ոչ մարտական»:

Որպես մարտական հաշվել ենք հրադադարի ռեժիմի խախտման կամ առաջնագծում ականների պայթյունների պատճառով կորուստները։

Ոչ մարտական կորուստները պայմանականորեն բաժանվել են մի քանի ենթաբաժինների՝ սպանություններ, ինքնասպանություններ, առողջական խնդիրներ, դժբախտ պատահարներ (ճանապարհատրանսպորտային պատահարներ, զենքի, զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումներ, այլ պատահարներ)։

Աղբյուրներ

Ռազմինֆոն ցուցակները կազմելիս օգտվել է բացառապես բաց աղբյուրներից: Դրանք են գերատեսչական աղբյուրները՝ ՊՆ կայքը և մամուլի ծառայությունը, ՊԲ պաշտոնական կայքը, ինչպես նաև թեմային անդրադարձող հայկական լրատվամիջոցները, այլ բաց աղբյուրները։ Զեկույցը կազմելիս որոշ ճշտումներ արվել են նաև ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի հետ։

Կորուստներ
2014 թվականի ապրիլ ամսվա միակ կորուստը ոչ մարտական է՝ ավտովթարի հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հրամանատարը։

Ավտովթար

Ապրիլի 26-ին ժամը 2։00-ի հատվածում Երևան-Սևան ավտոճանապարհին ավտովթարի հետևանքով մահացել է պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Հովհաննես Հովհաննիսյանը։ Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով։ Այն է՝ ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Գնդապետը 45 տարեկան էր, իր խնամքին ուներ 2 անչափահաս երեխա։

Վիրավորներ

Հայկական զինուժը ապրիլ ամսվա ընթացքում ունի հայտարարված մեկ վիրավոր։

Պաշտպանության բանակի զորամասերից մեկի մարտական հենակետում մարտական հերթապահության ժամանակ ադրբեջանական դիպուկահարի կրակոցից վիրավորվել է սերժանտ Հարություն Քիրաջյանը։
Այժմ նա բուժվում է Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալում, կյանքին վտանգ չի սպառնում։

Հիշեցնենք, որ 2014 թվականի հունվարի 1-ից 31-ը հայկական զինուժն ունեցել է 4 զոհ և 1 վիրավոր, փետրվարի 1-28-ը` 1 զոհ։ Իսկ ահա մարտի 1-31-ն ունեցել է 5 զոհ և 2 վիրավոր: Այսպիսով, այս տարի հայկական զինուժը կորցրել է 11 զինծառայողի։

Ադրբեջանի ռազմական կորուստների վերաբերյալ տեղեկությունն` այստեղ:

One response to “Հայկական զինուժի կորուստները 2014-ի ապրիլին. Ռազմինֆո

  1. Pingback: Ադրբեջանի ՊՆ-ն սեփական գործելաոճը վերագրում է հայկական կողմին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *