Ադրբեջանի զինուժի կորուստները 2014-ի ապրիլին. Ռազմինֆո

Ռազմինֆոյի՝ բաց աղբյուրների տեղեկությունների վրա հիմնված մշտադիտարկման համաձայն՝ 2014-ի մարտին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում հայտարարվել է 11 զոհի և 13 վիրավորի մասին։ 

Եթե համեմատենք 2014-ի ապրիլ ամսվա ընթացքում Ադրբեջանի հայտարարած զոհերի թիվը 2013-ի նույն ժամանակահատվածի հետ, ապա այն չի փոխվել։

2014-ի բոլոր 11 զոհերի հետ կապված միջադեպերն ադրբեջանական մամուլը ներկայացրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մեկնաբանությամբ։ Ադրբեջանի ՊՆ-ի վարկածով՝ 11 զոհերից 1-ը մարտական է՝ «հայ դիպուկահարի գնդակից», 3-ին Ադրբեջանի ՊՆ-ն ներկայացնում է որպես «առաջնագծում ականի պայթյունի զոհեր», սակայն Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն՝ ապրիլի 7-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական շփման գծի հարավարևելյան (Մարջանլու) ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկվել է դիվերսիոն հետախուզական գործողություն, իսկ այդ 3 զոհերը հենց այդ դիվերսիայի արդյունքում են արձանագրվել։

7 ոչ մարտական զոհերից առնվազն 3-ն ինքնասպան են եղել. նրանցից մեկն Ադրբեջանի ռազմաօդային ուժերի զորամասերից մեկի սպա, փոխգնդապետ Նաթիգ Մալիևն է։ Մնացյալներից 2-ը սպանվել են ծառայակցի կրակից, 1-ի մահվան պատճառը զենքի հետ անզգույշ վարմունքն է կամ ինքնասպանությունը, 1-ինը՝ դանակահարությունը։

Ինչ վերաբերում է հայտարարված վիրավորներին, ապա 2013-ի ապրիլի համեմատ՝ դրանց թիվն աճել է 15.4 տոկոսով։

13 տուժածներից Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է 12-ը. 3-ը, Ադրբեջանի ՊՆ-ի հաստատմամբ, մարտական պայմաններում են՝ «հայկական գնդակից», 2-ը՝ ծառայակցի կրակից, 6-ը՝ վերոհիշյալ միջադեպի՝ իբր «հակահետևակային ականի պայթյունից», սակայն ՊԲ-ի փոխանցմամբ՝ իրական պատճառն ադրբեջանցիների տապալված դիվերսիան է։

Մնացյալ վիրավորներից 1-ի պատճառը ավտովթարն է, 1-ինը՝ զենքի հետ անզգույշ վարմունքի կամ ինքնասպանության փորձը։

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ 2014-ի ապրիլ ամսվա կտրվածքով 1 ինքնասպանության, 1 դանակահարության և 1 զենքի հետ անգույշ վարմունքի հետևանքով արձանագրված 1 միջադեպ գրանցվել են Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքի զորամասերում։

Հիշեցնենք, որ Ռազմինֆոն ավելի վաղ ներկայացրել էր ադրբեջանական զինուժի կորուստները 2014-ի մարտի ընթացքում. հայտարարվել էր 4 զոհի, 8 վիրավորների մասին: Ըստ այդմ, հաշվի առնելով ապրիլին հայտարարված 11 զոհերն ու 13 վիրավորները՝ կարող ենք արձանագրել, որ 2014-ի սկզբից մինչ օրս Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության գերատեսչություններն ընդհանուր առմամբ հաղորդել են 27 զոհի, 39 վիրավորի մասին: Նշված 27 զոհերից 6-ն ադրբեջանական կողմի վարկածով՝ մարտական են՝ «հայկական գնդակից», իսկ եթե մարտականների շարքում դասենք նաև ապրիլի 7-ի գիշերն իրականացրած դիվերսիայի զոհերին, ապա կստացվի՝9 մարտական կորուստ 2014-ի առաջին 4 ամիսների ընթացքում։

Հայաստանի ԶՈւ կորուստների մասին տեղեկությունը՝ այստեղ

One response to “Ադրբեջանի զինուժի կորուստները 2014-ի ապրիլին. Ռազմինֆո

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *