Ադրբեջանի ՊՆ-ն սեփական գործելաոճը վերագրում է հայկական կողմին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր՝ մայիսի 29-ին, հրապարակել է վերջին «3-4 ամիսներին հայկական զինուժի կորուստները»՝ հավաստիացնելով՝ իբր «հայկական կողմը մշտապես թաքցնում է իր ԶՈւ զոհերի ու վիրավորների իրական քանակը, ինչպես և զինծառայողների զոհվելու կամ վիրավորվելու իրական պատճառները»։

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Ռազմինֆոյի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը. «Սա արդեն ավանդույթ դարձած ադրբեջանական հնարքներից է, հերթական ապատեղեկատվությունը։ Հայկական կողմը միշտ թափանցիկ է աշխատել, իսկ իրենք՝ վկայելով՝ իբր մեր 3-4 ամսվա զոհերն են, ներկայացնում են հունվարի կորուստներից ու հատկապես շեշտադրում մարտական կորուստները, որպեսզի ընթերցողի մոտ պատրանք ստեղծվի՝ իբրև թե մարտական կորուստները գերակշռում են։ Ցուցակում ինքներդ էլ կարող եք համոզվել, որ ՀՀ ՊՆ և ՊԲ կողմից հաստատված զոհերն ու վիրավորներն են»։

Իր հաղորդագրությանը կից Ադրբեջանի ՊՆ-ն ներկայացնում է անունների ցուցակ, որոնք սակայն ՀՀ ՊՆ-ի ու ՊԲ-ի կողմից հաստատված զոհերն ու վիրավորներն են, որոնց մասին տվյալները, ինչպես նաև միջադեպերի մանրամասները շատ ավելի վաղ շրջանառվել են հայկական մամուլում ևս։

Ստորև ներկայացնում ենք այդ ցուցակը՝ մեր հավելումներով.

1. Գարիկ Էդիսոնի Բալայան. փոխգնդապետ , ՊԲ, զոհվել է մայիսի 25-ին դիպուկահարի կրակոցից։

2. Հարություն Գառնիկի Սաֆարյան, ավագ լեյտենանտ, ՊԲ, զոհվել է մարտի 31-ին մարտական առաջադրանք կատարելու ժամանակ ականի պայթյունի հետևանքով։

3. Արայիկ Ռոմիկի Բաբայան, ՊԲ, զոհվել է մարտի 27-ին  ինժեներական աշխատանք կատարելու ժամանակ դիպուկահարի կրակոցից։

4.Էրիկ Վիլենի Գասպարյան, ժամկետային զինծառայող, եֆրեյտոր, ՊԲ, զոհվել է  մայիսի 27-28-ի գիշերը հակառակորդի դիվերսիայի ժամանակ  ձեռնամարտի ընթացքում։

5.Արթուր Սեյրանի Օհանջանյան,  ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ, ՊԲ, զոհվել է մայիսի 20-ին առաջնագծում հակառակորդի գնդակից։

6.Արմեն Լևոնի Հովհաննիսյան, կրտսեր սերժանտ,ՊԲ, զոհվել է հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը դիվերսիայի ժամանակ։

7. Էդիկ Լյովայի Շահնազարյան ,ժամկետային զինծառայող, մահացել է հունվարի 20-ին հիվանության պատճառով Վաղարշապատի հիվանդանոցում։

8.Կարեն Գագիկի Գալստյան,  ժամկետային զինծառայող, ՊԲ, զոհվել է հունվարի 28-ին դիպուկահարի գնդակից։

9.Արման Արտյուշայի Ղուկասյան, ՊԲ,  մարտի 19-ին զոհվել է մարտական հենակետում մարտական խնդիր կատարելիս։

10.Գառնիկ Վահանի Թորոսյան, ՊԲ զինծառայող, զոհվել է մարտի 24-ին դիպուկահարի գնդակից մարտական առաջադրանք կատարելիս։

11.Ներսես Ղազարի Կարապետյան, ժամկետային զինծառայող, շարքային, մահացել է մայիսի 10-ին Իջևանի զորամասերից մեկի մարտական հենակետում հրազենային վիրավորումից։

Ադրբեջանի պաշտպանության նախարությունը ներկայացրել է հայկական զինուժի 3 վիրավորների, որոնց միջադեպերը ևս պաշտոնապես հաստատվել և մեկնաբանվել են.

1.Մհեր Խլղաթյան. հունվարի 13-ին հայտնի է դարձել, որ հիվանդության պատճառով Քարվաճառի տարածքում գտնվող Չոփռլուի զորամասից տեղափոխվել է Երևանի կայազորային կլինիկական հոսպիտալ։

2.Վարազդատ Զաքարյան. ՊԲ, կապիտան, վիրավորվել է մարտի 19-ին մարտական հենակետում մարտական խնդիր կատարելիս։

3.Աշոտ Ալիկի ԳրիգորյանՊԲժամկետային զինծառայող, վիրավորվել է մայիսի 26-ին հակառակորդի դիպուկահարի կրակոցից։

Հարկ ենք համարում նաև շեշտել, որ վերապահությամբ պետք է մոտենալ հենց ադրբեջանական զինուժի վերաբերյալ զոհերի և վիրավորների մասին պաշտոնական տվյալներին։ Բաց աղբյուրներից  հայտնի են դեպքեր, երբ հետմահու պարգևատրել են զինծառայողների, որոնք մինչ այդ մամուլում ներկայացված են եղել որպես ոչ մարտական կորուստներ։ Այսպես, 2012-ի օգոստոսի վերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարգևատրել էր շարքային Փարվին Նաիգ օղլու Ասքերովին «Զինվորական վաստակի համար» մեդալով, թեպետ մինչ այդ մամուլում այդ դեպքը ներկայացվել էր որպես ավտովթար։ Այսինքն՝ Բաքուն կամ կոծկում է մարտական կորուստը, կամ պարգևատրում է ավտովթարից սպանվածի. առաջին վարկածն այս դեպքում, ենթադրում ենք, ավելի հավանական է։

Բացի այդ, 2013-ին Ադրբեջանքի Կտտանքների դեմ հանձնաժողովի ամփոփիչ զեկույցի համաձայն՝ նույն տարում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կոծկել է առնվազն 5 զինծառայողների մահվան իրական պատճառները, ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով մահացածներին ներկայացրել որպես ինքնասպանություն գործած կամ հիվանդության պատճառով մահացած զինծառայողների, և հարկ եղած դեպքում հետաքննություն չի անցկացվել:

Այսպիսով, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ խեղաթյուրում է հայկական զինուժին վերաբերող փաստերը՝ սեփական գործելաոճը վերագրելով ՀՀ ՊՆ-ին ու ՊԲ-ին։

Տե´ս նաև՝ Հայկական զինուժի կորուստները 2014-ի ապրիլին. Ռազմինֆո

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *