Սիրիայում սպանված ադրբեջանցի զինյալի մայրը մանրամասներ է հայտնել

Ապրիլի 1-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանից Սիրիա մեկնած զինյալներից մեկը՝ «Հասան Ազերի» մականվամբ, սպանվել է իսլամիստական խմբավորումների կազմում Բաշար Ասադի կողմնակիցների դեմ մարտերում։

«Հասան Ազերի»

«Հասան Ազերի»

Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը պարզել է զինյալի ինքնությունը։ Վերջինս Հասան Միքայիլ օղլու Մամեդովն է, ծնվել է 1977-ին Բաքվում։ Սպանվածի մայրը՝ Զյումրյուդ Մամեդովան, վկայել է, որ որդու մահվան մասին տեղեկացել է երեկ ադրբեջանական լրատվակայքերից։

Մոր խոսքերով՝ Մամեդովը 2 տարի առաջ, առանց հարազատներին իրազեկելու, մեկնել է երկրից անհայտ ուղղությամբ։ Հարազատները դիմել են ոստիկանություն, որտեղից էլ տեղեկացրել են՝ Մամեդովն Աստարայի շրջանով անցել է Իրան։ Որոշ ժամանակ անց նա զանգահարել է մորը և հայտնել, որ Աֆղանստանում է, և մեկնել է «շեհիդի մահով մեռնելու»։ Ընդ որում, Մամեդովն ամուսնացած է եղել, ունի երեխա, կինը հրաժարվել է նրա հետ մեկնել Աֆղանստան։

Մայրը հավաստիացրել է, որ որդին հենց Աֆղանստանից է Սիրիա անցել վերջին շրջանում, սկսել է երկար մորուս պահել՝ միանալով ծայրահեղ իսլամիստներին, չնայած որ իրենք ընտանիքում միշտ շիա են դավանել։

Ճիշտ է՝ սույն տեղեկություն միակ աղբյուրն ԱՊԱ լրատվական գործակալությունն է, նրանում փաստորեն հետաքրքիր մանրամասներ կան։ Մինչ այս միջադեպն ադրբեջանական մամուլը վկայում էր՝ Սիրիա են մեկնում հիմնականում սուննի մուսուլմանները, որոնք տարվում են վահաբիզմի գաղափարներով։ Այժմ պարզվում է՝ Ադրբեջանում շիադավան զանգվածը ևս միանում է իսլամիստներին և լքում երկիրը։ Եթե այս հանգամանքն ընդունենք որպես իրողություն, ապա Սիրիա մեկնած ադրբեջանցիների թիվը պետք է որ ավելի շատ լինի, քան հրապարակվում է։

Բացի այդ, սույն միջադեպն ակամայից հերքում է օրեր առաջ Ադրբեջանի Միլլի մեջլիսի՝ մարդու իրավունքների գծով հանձնաժողովի ներկայացուցչի այն պնդումները՝ իբր ներկայումս ադրբեջանցիների հոսք դեպի Սիրիա չկա, իսկ սպանվածներն այնտեղ են գնացել շատ վաղուց։

Հավելենք, որ 2014-ի փետրվարին ադրբեջանական մամուլը լուրեր էր տարածել Ադրբեջանի՝ միջազգային հետախուզման մեջ գտնվող 5 քաղաքացիների սպանության մասին Աֆղանստանի տարածքում։ Ընդ որում, նրանք բոլորը մեղադրվում էին Աֆղանստանի զինյալների խմբավորումներին միանալու, դրանց նյութական և ռազմական օգնություն ցուցաբերելու համար։

Կարդացեք նաև։ Սիրիայում կռվող ադրբեջանցիների խնդրում այժմ էլ մեղադրում են գյուլենականներին

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *