Ադրբեջանցիների հոսքը դեպի Սիրիա շարունակվում է: Երկրի պատկան մարմինները մինչ օրս չեն հաստատել՝ արդյոք Սիրիա մեկնողներն իրոք ադրբեջանցիներ են, բացի այդ չկա հստակ վիճակագրություն այս հարցում: Միակ աղբյուրն ադրբեջանական լրատվամիջոցներն են, որոնք Սիրիայում սպանված ադրբեջանցի զինյալների մասին հաղորդում են՝ հղում տալով իսլամիստ զինյալների սոցցանցային էջերին կամ կայքերին, ինչպես և սեփական աղբյուրներին կամ էլ զինյալների հարազատների խոսքերին:
Եվ ահա ադրբեջանական Lent.az լրատվակայքը, հղելով իր աղբյուրներին, հաղորդում է՝ վերջին 3, այսինքն՝ 2014-ի հունվարից մարտ ամիսների ընթացքում Սիրիայում մարտնչելու են մեկնել մոտ 3 հազար ադրբեջանցիներ:
Ընդ որում, աղբյուրի վկայությամբ՝ Ադրբեջանի կառավարությունը սկսել է լրջորեն զբաղվել այս խնդրով ու պարզել է՝ ադրբեջանցիներին Սիրիա ուղարկելու հարցում անմասն չեն գյուլենական շարժման հետևորդներ նուրջուական (նուրսիստ) քաղաքական-հասարակական գործիչները:
Աղբյուրը հավելում է, որ նուրջուականները գտնում են երիտասարդների մարզադահլիճներում, համացանցում, ինտերնետ ակումբներում, նրանց ուղարկում Թուրքիա վերապատրաստման: Զինյալներն հիմնականում վերապատրաստում են անցնում Թուրքիայի Հաթայ (Ալեքսանդրետ) նահանգում, որտեղից էլ մեկնում են Սիրիա:
Նկատենք, որ իրականությանը մոտ է այն, որ մարզադահլիճներում գտնում են ադրբեջանցիների և ուղարկում Սիրիա. այնտեղ սպանված, բաց աղբյուրներից մեզ հայտնի ադրբեջանցի զինյալներից առնվազն երկուսը մարզիկներ են եղել, նաև՝ Ադրբեջանի հավաքականի անդամ: Բացի այդ, իրատեսական է, որ Թուրքիայի՝ Սիրիայի հետ սահմանամերձ Հաթայ նահագում զինյալների վերապատրաստման ճամբարներ լինեն, հատկապես որ նման բովանդակության լուրեր տարածվել էին դեռևս 2012-ից։
Ինչ վերաբերում է նուրջուականներին, ապա հարկ է շեշտել՝ գյուլենական շարժումը հիմնված է նուրջուական (նուրսիստ) գաղափարների վրա, համարվում է իսլամի սուննի ճյուղի հանաֆիական մազհաբին պատկանող կրոնական շարժում: Գյուլենականները նշում են, թե իրենք կողմ են գիտական, կրթական և տնտեսական առաջընթացին, երկխոսությանն այլ կրոնների հետ և ըստ էության իսլամի ժամանակակից մեկնաբանությանը:
Սակայն, ինչպես տեսնում ենք, վերոնշյալ պատկերը մասամբ հակասում է Սիրիայում գերազանցապես ծայրահեղ իսլամիստական խմբավորումների շարքերում կռվող ադրբեջանցի զինյալների կերպարին, որոնց վերապատրաստման հարցում մինչ օրս մեղադրել են իսլամի ծայրահեղ ուղղություն հանդիսացող վահաբիզմի հետևորդներին, իսկ վահաբիզմն ու գյույելանականությունը, հետևելով դրանց որդեգրած գաղափարախոսությանը, հակադրվող ուղղություններ են։
Հաշվի առնելով, որ ներկա դրությամբ սույն հարցում աղբյուրները սուղ են, բարդ է հաստատապես ասել՝ որքանով են նուրջուականներն առնչվում Սիրիայում կռվող ադրբեջանցիների խնդրին։
Միայն կարող ենք արձանագրել, որ վերջին շրջանում Ադրբեջանում առավել լայն քննարկվող հարցերի շարքում է հենց նուրջուականների խնդիրը, հատկապես երբ իշխանամետ աղբյուրների պնդմամբ նուրջուականների առաջնորդներից մեկը լինելու պատճառով մարտի 18-ին պաշտոնից ազատեցին Ադրբեջանի նախագահականին աշխատակազմին կից քաղաքական վերլուծության և տեղեկատվական ապահովման բաժնի ղեկավար Էլնուր Ասլանովին։
Բացի այդ, ըստ երևույթին Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոս Հասան Զեյնալովի տրամադրած տեղեկությունների հիման վրա Թուրքիայի պաշտոնական շրջանակները կազմել և Ադրբեջանի կառավարությանն են ներկայացրել Իլհամ Ալիևի աշխատակազմում և կառավարությում առկա այն բարձրաստիճան անձանց ցուցակը, ովքեր կապեր ունեն նուրջուականների հետ: Այդ ցուցակում հիշատակվել են Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) փոխտնօրեն Խալիգ Մամեդովը, կրոնական կառույցների հետ աշխատանքի գծով պետական հանձնաժողովի նախագահ Էլշադ Իսքենդերովը, նրա տեղակալ Գյունդուզ Իսմայիլովը, երիտասարդության և սպորտի հարցերով փոխնախարար Ինթիգամ Բաբաևը, Միլլի մեջլիսի պատգամավորներ Ջեյհուն Օսմանլըն, Գանիրա Փաշաևան, երիտասարդական հիմնադրամի նախագահ Ֆարհադ Հաջիևը:
Այս ցուցակը ներկայումս էլ շրջանառվում է ադրբեջանական մամուլում՝ հարկ եղած դեպքում այս կամ այն չափ որպես լծակ կիրառվելով նշված անձանց դեմ։
Ուստի, չի բացառվում, որ նուրջուականներին օգտագործում են որպես հերթական «քավության նոխազ» Սիրիայում սպանվող ադրբեջանցիների խնդրում՝ այդ կերպ կոծկելով ադրբեջանցիների հոսքը դեպի Սիրիա ապահովող, իրականության հետ աղերսներ ունեցող դրդապատճառների՝ սոցիալական կարիքի, երիտասարդների շրջանում ծայրահեղ իսլամիստական վտանգավոր գաղափարների տարածման հիմնախնդիրները։