2014-ի փետրվարին ադրբեջանական մամուլը հաղորդում է Աֆղանստանում սպանված արդեն հինգերորդ ադրբեջանցի զինյալի մասին. փետրվարի 15-ին հայտնի է դարձել՝ Բաքվի 31-ամյա բնակիչ Թարլան Մամեդովը սպանվել է Աֆղանստանում՝ երկրի կառավարական ուժերի դեմ պայքարում:
Ինչպես հետևում է Ինտերպոլի պաշտոնական կայքից, նա տիրապետում էր ադրբեջաներենին, ռուսերենին, փուշտուին (Աֆղանստանի պետական լեզուներից մեկը), մեղադրվում էր Ադրբեջանի սահմանադրությամբ արգելված, Ադրբեջանի սահմաններից դուրս զինված խմբավորումներ կազմավորելու, դրանց նյութական ու ռազմական աջակցություն ցույց տալու համար:
Նկատենք, որ Ինտերպոլի կայքում որևէ բան չկա նշված զինյալի սպանված լինելու մասին, ուստի անհասկանալի է, թե ինչ աղբյուրի հաղորդած տեղեկության հիման վրա է ադրբեջանական մամուլը գրում վերջինիս սպանության մասին:
Հիշեցնենք, որ նույն հանցանքներում մեղադրվող ևս 4 ադրբեջանցի զինյալներ՝ Բաքվի 46-ամյա բնակիչ Աքիֆ Օսմանովը, Սումգայիթի 36-ամյա բնակիչ Իմրան Հասիմովը, Ֆիզուլու շրջանի 39-ամյա բնակիչ Մուշվիգ Բայրամովը, Շեքիի 36-ամյա բնակիչ Ազեր Յուսուբովը, միջազգային հետախուզման մեջ էին, նրանց սպանության մասին հաղորդվել է 2014-ի փետրվարի ընթացքում: