Ռուսաստանը հաստատել է Մանգո արկերի վաճառքը Հնդկաստանին

Ռուսաստանյան «Ռոսօբորոնէքսպորտ» պետական կոնցերնը, որը Ռուսաստանում արտադրվող սպառազինության միակ արտահանողն է, պայմանագիր է կնքել Հնդկաստանի պաշտպանության նախարարության հետ, ըստ որի ռուսաստանյան կողմը Հնդկաստանին է տրամադրելու 66 հազար միավոր «Մանգո» արկեր։

Հակատանկային զրահահար-ենթատրամաչափային «Մանգո» արկի սխեման ու կրակոցի կտրվածքը

Արկերը վաճառելուց բացի, Ռուսաստանը Հնդկաստանին տրամադրել է նաև նույն արկերը Հնդկաստանում արտադրելու արտոնագիր, ինչի մասին հայտնում է ռուսաստանյան ԻՏԱՌ-ՏԱՍՍ պետական գործակալությունը։

Զրահահար-ենթատրամաչափային արկերը Հնդկաստանը գնելու է սպառազինության մեջ առկա Տ-90 տանկերի 125 մմ-անոց թնդանոթների համար։ Արկերի անհրաժեշտությունն առաջացել է այն պատճառով, որ հնդկական սպառազինության մեջ դրանցից քիչ էր մնացել։ Ըստ տարածված լուրերի՝ Հնդկաստանի պաշտպանության նախարարը վարչապետին ուղղված նամակում հայտնել էր, որ պահեստներում եղած արկերի քանակը կբավականացնի ընդամենը 3-4 օր տևողությամբ ակտիվ մարտական գործողությունների համար։ Այս մասին հայտնի էր դարձել մարտի վերջին։

Մանգո արկերը նախատեսված են տանկերի ու այլ զրահատեխնիկայի ժամանակակից բազմաշերտանի զրահը խոցելու համար։ Արկերի միջուկները պատրաստվում են վոլֆրամի բարձր ամրության համաձուլվածքից ու պատվում են շուտ հալվող համաձուլվածքից պատրաստված պատյանով։ Զրահին դիպչելու ժամանակ պատյանը արագ հալվում է, իսկ միջուկը խոցում ու անցնում է զրահի մեջ բացված անցքով։

Արկերը նախատեսված են խորհրդային/ռուսաստանյան/ուկրաինական Տ-80, Տ-90 տանկերի թնդանոթների համար, լայնորեն տարածված են ու արտահանվում են տանկերի հետ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *