Սիրիայում սպանվել է ևս 2 ադրբեջանցի զինյալ (ֆոտո)

Մարտի 27-ին ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ հայտնի է դարձել, որ Սիրիայում «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման անդամ ադրբեջանցի երկու զինյալներ սպանվել են Բաշար Ասադի կողմնակիցների դեմ մարտերում։

Սիրիայում սպանված զինյալներ Ադրբեջանից

Սիրիայում սպանված զինյալներ Ադրբեջանից

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, հղում տալով զինյալների սոցցանցային էջերին, որ զինյալներից մեկի մականունը Սալահադին է եղել, նա սերում էր Ադրբեջանի Շաքիի շրջանից, իրական անունը Մահմուդ էր, իսկ մյուսի մականունը՝ «Լյազգի Համզա»։ Դատելով վերջինիս մականունից, նա լեզգի էր (Ադրբեջանում տեղաբնիկ ժողովուրդներից)։

ԱՊԱ-ի վկայությամբ՝ զինյալները վերջերս են սպանվել։ Եթե հետևենք սույն պնդմանը, ապա ադրբեջանցիները թերևս սպանվել են Սիրիայի հյուսիսային հատվածներում, որտեղ էլ վերջին օրերին «Իրաքի ու Լևանտի իսլամական պետությունը» թեժ մարտեր էր մղում։

Հիշեցնենք, որ մարտի 26-ին հայտնի դարձավ Սիրիայում սպանված 15 ադրբեջանցի զինյալների մասին, որոնցից մեկն ըմբշամարտի Ադրբեջանի չեմպիոն էր, մյուսն էլ սերում էր Սումգայիթից։

Վերջին շրջանում Ադրբեջանում փորձ է արվում Սիրիայում կռվող ադրբեջանցիների հարցը բերել իրավական դաշտ, սակայն Միլլի մեջլիսի ընդունած օրինագծերի համաձայն՝ Քրեական օրենսգրքում սպասվելիք փոփոխությունները ազատազրկում են ապահովում թերևս ոչ թե կոնկրետ Սիրիա մեկնող ադրբեջանցիների, այլ նրանց մեկնել դրդող անձանց (ըստ երևույթին մզկիթների կրոնական համայնքների ներկայացուցիչների) համար։

Սիրիայում ադրբեջանցի զինյալների կռվելու վերաբերյալ լուրերը սկսել են մեծ թիվ կազմել ադրբեջանական մամուլում 2013-ի վերջից։ Ընդ որում, մինչ օրս անհայտ են դրանց սկզբնաղբյուրները։

Այնուհանդերձ, հաստատապես կարող ենք ասել՝ զինյալներից մի քանիսի դիակների լուսանկարները սոցցանցային էջերում տարածվել էին շատ ավելի վաղ, քան դրանց մասին սկսել են հաղորդել ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի պատկան մարմինները, մասնավորապես՝ արտգործնախարարությունը, մինչ օրս հստակ վիճակագրություն այս հարցում չեն ներկայացրել, բայց գործընթացը կասեցված չէ, քանի որ լուծված չեն Սիրիա մեկնելուն նպաստող դրդապատճառները՝ սոցիալական կարիքը, ծայրահեղ իսլամիստական գաղափարների տարածումը, Սիրիա մեկնող ադրբեջանցիների թեմայի առժամանակ անտեսումն Ադրբեջանի պատկան մարմինների կողմից։

Տե´ս նաև։ Լեզգիները «քավության նոխազ» ադրբեջանցիների՝ Սիրիա մեկնելու խնդրում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *