Լեզգիները «քավության նոխազ» ադրբեջանցիների՝ Սիրիա մեկնելու խնդրում

2014-ի սկզբից ի վեր Ադրբեջանի քաղաքացիների՝ Սիրիա մեկնելու և իսլամիստական խմբավորումներին միանալու հարցը սուր է, այն արդեն իսկ վերածվել է պարարտ հողի Ադրբեջանի ներսում միջկրոնական հակասությունների ծագման համար։

Ադրբեջանի զինյալներ՝ Սիրիայում

Ադրբեջանի զինյալներ՝ Սիրիայում


Ասվածի վկայությունը «Կովկասի մուսուլմանների» վարչության ղեկավար Ալլահշյուքուր Փաշազադեի՝ միմյանց հաջորդող կտրուկ հայտարարություններն են և ծայրահեղ իսլամ քարոզելու համար կասկածվող մզկիթներում անցկացվող ստուգումները։

Այս անգամ «Կովկասի մուսուլմանների» վարչության ներկայացուցիչ Սուրհայ Մամեդլին, բարձրաձայնելով Փաշազադեի դիրքորոշումը, հավաստիացրել է, որ «Աշուր» կամ ժողովրդի շրջանում «Լեզգիների մզկիթ» անունով հայտնի մզկիթում նամազի մասնակցելու հետևանքով բազմաթիվ երիտասարդներ ուղևորվում են Սիրիա՝ իսլամիստական խմբավորումներին միանալու համար։ Մամեդլիի վկայությամբ՝ իրենց վարչությունը մեծ թվով բողոքներ է ստացել այդ հարցի առնչությամբ։

Նկատենք, որ Մամեդլին անուններ և այլ հստակ տվյալներ չի նշել։
«Լեզգիների մզկիթի» «Սամուրների հավատացյալներ» կրոնական համայնքի ղեկավարն իր հերթին մեկնաբանել է այս հայտարարությունը։ Ֆաիգ Մուսթաֆան մեղադրանքները որակել է «անհեթեթություն», ապա շեշտել, որ մզկիթի գործունեության ամբողջ ընթացքում իրենց հետևորդներից Սիրիա է մեկնել միայն մեկը, իսկ մզկիթի կրոնական համայնքը որևէ կերպ չի ներազդում և չի խրախուսում Սիրիայում կռվելը։

Փոխարենը Մուսթաֆաևը պատասխան մեղադրանքներ է հղել Փաշազադեին՝ ընդգծելով, որ նրա ազդեցության ներքո Նարդարանի և Մաշթաղի մզկիթներից մեծ թվով ադրբեջանցիներ մեկնում են մարտնչելու Բաշար Ասադի համախոհների կողմից, նրանց մի մասը վերադառնում է և հանցավոր գործունեություն ծավալում Ադրբեջանի տարածքում։

Հարկ է նշել, որ լեզգիներն այնուհանդերձ մեկնում են Սիրիա և միանում ծայրահեղ իսլամիստների խմբավորումներին, սակայն եթե դիտարկենք Ադրբեջանի՝ Սիրիայի իսլամիստներին միացած քաղաքացիների էթնիկ կազմը, ապա նրանց շարքում լեզգիները բնավ գերակշռող չեն։

Լեզգիների պարբերաբար հիշատակումը Սիրիայի մեկնելու խնդրում և նրանց համատարած «վահաբականներ» որակելն Ադրբեջանի՝ ազգային փոքրամասնությունների նկատմամբ վարած քաղաքական և քարոզչության հիմքում է։ Դա մի կողմից թույլ է տալիս արդարացնել լեզգիաբնակ շրջաններում (օրինակ՝ Գուսարի շրջանում) ուժային կառույցների՝ լեզգիներին նկատմամբ հետապնդումները և ձերբակալությունները, մյուս կողմից էլ հարմար «քավության նոխազ» է  ադրբեջանցիների՝ դեպի Սիրիա հոսքի հարցում՝ «Սիրիա մեկնողներն ադրբեջանցիներ չեն, նրանք լեզգիներ են» համատեքստում։

Սակայն այս պարագայում էլ Ադրբեջանը լուրջ ռիսկեր ունի. ազգային փոքրամասնություններին հղած մեղադրանքների պարբերաբար հնչելու և դրանցից բխած գործողությունների պատճառով միջէթնիկական հակասություններն Ադրբեջանի տարածքում խորանալու միտում կունենան։

Իրավիճակը բոլոր դիտանկյուններից գնահատելու դեպքում պետք է նաև նշենք, որ Սիրիայի կառավարական ուժերի շարքում էլ կան Ադրբեջանից մեկնած քաղաքացիներ, որոնք իրենց հերթին կռվում են իսլամիստների դեմ, սակայն դատելով թե´ միջազգային, թե´ ադրբեջանական մամուլից, թե´ սոցցանցային հրապարակումներից նրանց թիվն ադրբեջանցի իսլամիստ զինյալների համեմատ այնքան չնչին է, որ հստակ դեպքեր չեն արձանագրվել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *