Ադրբեջանը հետաքրքրված է թուրքական անօդաչու թռչող սարքով

Փետրվարի 5-ին թուրքական TAI ընկերությունը Բաքվում անցկացրել է իր Anka (Անքա) անօդաչու թռչող սարքի՝ Ադրբեջանի զինված ուժերի համար նախատեսված ցուցադրությունը։

Anka ԱԹՍ

Anka ԱԹՍ

Ցուցադրության արդյունքներից հայտնի է դարձել, որ Ադրբեջանի զինված ուժերը դիտարկում է թուրքական TAI ընկերության Anka («Անքա») անօդաչու թռչող սարքի տեխնիկական հնարավորությունները և այն գնելու հավանականությունը։

Երբ թուրքական ընկերությունն ավարտի նախագծի շրջանակներում ծրագրած աշխատանքները, ադրբեջանական կողմը նախատեսում է իրականացնել ԱԹՍ-ի գնահատողական աշխատանքներ, ապա փորձարկել այն տեղական պայմաններում։

Միայն այս բոլոր քայլերն ի կատար ածելուց հետո ադրբեջանական կողմը հնարավոր է համարում երկկողմ հանդիպման կայացումը, որի ընթացքում էլ պարզ կլինի՝ արդյոք Ադրբեջանը գնելու է ԱԹՍ-ն, թե ոչ։

Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությանը TAI ընկերությունից հաղորդել են, որ ներկա դրությամբ աշխատանքներ են ընթանում սարքի թռիչքային ժամանակը մինչև 24 ժամ հասցնելու ուղղությամբ։

Ըստ աղբյուրի՝ Ադրբեջանը հետաքրքրված է նաև Anka-ի սպառազինված տարբերակով, որի ստեղծման աշխատանքները դեռևս չեն ավարտվել։

Հիշեցնենք, որ 2013-ի դեկտեմբերին 24-25-ը Զաքիր Հասանովը պաշտոնական այցով Թուրքիայում էր։ Անօդաչու թռչող սարքերի հավանական ձեռքբերման և այլ սպառազինության գնման քննարկումները ծավալվել են հենց այս ընթացքում։

Բացի այդ, նույն թեմայով քննարկումներ են եղել  նաև 2013-ի հունվարի 8-ին Թուրքիայի ԳՇ նյութատեխնիկական ապահովման վարչության պետ, գեներալ-գնդապետ Աթիլլա Գյուլենի գլխավորած պատվիրակության այցին։  

Հիշեցնենք, որ Anka-ի ստեղծման աշխատանքները մեկնարկել էին դեռևս 2004-ին, երբ այն ստեղծելու պայմանագիր է ստորագրվել Թուրքիայի ռազմարդյունաբերության քարտուղարության և TAI ընկերության միջև։ Առաջին թռիչքը կատարել է 2010-ի դեկտեմբերի 30-ին, իսկ ավարտական փորձարկումներն անցկացվել են 2013-ի հունվարին։

ԱԹՍ-ի երկարությունը 8 մետր է, թևերի բացվածքը՝ 17.3 մ։ Արագությունը 217 կմ/ժ է, հետախուզություն է կատարում 9 կմ բարձրության վրա։ Այն կարող է բարձրացնել մինչև 200 կգ զինամթերք։

Նկատենք, որ Ադրբեջանի տարածքում Իսրայելի հետ համատեղ արտադրվում է նաև Orbiter-2M  անօդաչու թռչող սարք, սակայն Ադրբեջանը հետ է մնում իր իսկ նախանշած գրաֆիկից, քանի որ հայտարարված 60-ի փոխարեն արտադրվել է ընդամենը 10 միավոր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *