Պենտագոնը 12 միլիոն դոլար է ծախսել հատուկ մաստակի ստեղծման համար

ԱՄՆ զինված ուժերի զինծառայողների շրջանում ստոմատոլոգիական հիվանդությունների կանխարգելման և նվազեցման նպատակով արդեն 7 տարի է, ինչ ընթանում են հատուկ մաստակի ստեղծման աշխատանքներ։ Այդ ընթացքում մաստակի ստեղծման համար ծախսվել է շուրջ 12 միլիոն ամերիկյան դոլար։ Այս մասին հաղորդում է ամերիկյան The New Yorker պարբերականը։

ԱՄՆ բանակի զինծառայողներ

ԱՄՆ բանակի զինծառայողներ

Մաստակի ստեղծման աշխատանքներն ընթանում են ԱՄՆ Ինդիանա նահանգի համալսարանի ստոմատոլոգիական հետազոտությունների ինստիտուտում։ Դրա տնօրեն Դոմինիք Զերոն հայտնել է, որ գերազանցապես բանակի կարիքների համար նախատեսված մաստակի ստեղծումը մոտենում է ավարտին, իսկ գալիք տարի այն արդեն կմատակարարվի զինված ուժերին։

ԱՄՆ բանակի զինծառայողների շրջանում ստոմատոլոգիական հիվանդությունների պատճառով առաջացած խնդիրների մասին պարբերականի թղթակցի հետ զրույցում պատմել է նաև ԱՄՆ բանակի ռազմաբժշկական ստորաբաժանումներից մեկի հրամանատար, գնդապետ Ռոբերթ Հեյլը։ Նա հայտնել է, որ պետությունը տարեկան միջինը 100 միլիոն դոլար է ծախսում զինծառայողների ատամների բուժման համար, ինչն ահռելի գումար է, ուստի անհրաժեշտ է ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցներն այդպիսի հիվանդությունների կանխարգելման համար։

Ի սկզբանե մաստակի ստեղծման անհրաժեշտությունը հիմնավորվում էր նրանով, որ ծառայության շատ վայրերում ջրի պաշարները կամ շատ քիչ են, կամ էլ պիտանի չեն զինծառայողների բերանի խոռոչի հիգիենան իրականացնելու համար։ Այս պարագայում անհրաժեշտ էր օժանդակ միջոց, որն էլ պետք է լուծեր այդ խնդիրը։ Սակայն հետագայում ակնհայտ դարձավ, որ մաստակի համատարած կիրառումը զինված ուժերում էականորեն կնպաստի զինծառայողների առողջությանը։ Ու թեպետ մաստակն ի զորու չէ ամբողջությամբ փոխարինել ատամի խոզանակը, բայց առողջական ռիսկերն այն էականորեն կկրճատի։

Հավելենք՝ ուշագրավ է նաև այն, որ ԱՄՆ բանակում լինում են դեպքեր, երբ կարիես կամ նմանատիպ այլ հիվանդություն ունեցող զինծառայողներին բուժելու նպատակով ստիպված են լինում տեղափոխել հազարավոր կիլոմետրեր՝ ատամնաբուժական մոտակա կետը։ Դա իհարկե ստեղծում է լրացուցիչ ծախսեր և բացասաբար է անդրադառնում զինվորական ստորաբաժանումների հավաքության աստիճանի վրա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *