Ղրիմի զինված ուժերի 72 ստորաբաժանումներ կմտնեն ՌԴ ԶՈւ կազմի մեջ

Ղրիմի զինված ուժերի 72 ստորաբաժանումներ՝ այդ թվում նաև նախկինում Ուկրաինայի զինված ուժերի կազմի մեջ մտնող 6 մարտական ու 25 օժանդակ նավերի անձնակազմեր, մտել են Ռուսաստանի զինված ուժերի կազմի մեջ։

Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ անվտանգության խորհրդի նիստում։

Ղրիմ

Ռուսական բանակի «Պեչենեգ» գնդացրով զինված, ռուսական համազգեստով անհայտ պատկանելիության մարտիկ Ղրիմում։

Այս ստորաբաժանումներն ուկրաինականի փոխարեն բարձրացրել են ՌԴ ԶՈւ դրոշը ու պատրաստակամություն են հայտնել հետագա ծառայությունը անցնել հենց Ռուսաստանի զինված ուժերի կազմում։ Ռուսաստանի կողմն անցած ստորաբաժանումների մեջ է նաև Նախիմովի անվան ռազմածովային ակադեմիան, որտեղ հանդիսավոր կերպով իջեցրել են Ուկրաինայի դրոշն ու բարձրացրել են Ռուսաստանինը։

Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել, որով ուկրաինական ԶՈւ Ղրիմի տարածքում ծառայող զինծառայողների զինվորական կոչումները ճանաչվելու ու պահպանվելու են, եթե այդ զինծառայողները ծառայության անցնեն ՌԴ ԶՈւ ստորաբաժանումներում։

Ռուսաստանի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչ, ՌԴ ԶՈւ սևծովյան նավատորմի նախկին հրամանատար Վլադիմիր Կոմոյեդովն էլ հայտնել է, որ Ղրիմում տեղակայված նախկին ուկրաինական ստորաբաժանումների զինծառայողները, որոնք հետագայում կազմել են Ղրիմի ինքնապաշտպանական ջոկատներ, կկազմավորեն զորամասեր, որոնք կմտնեն ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի կազմի մեջ։ Ըստ պաշտոնյայի՝ Ղրիմում տեղակայված են զինված ուժերի 34 զորամասեր, որոնց հաստիքային կազմը եղել է 22 հազար զինծառայող։

Զորամասերն, ըստ Կոմոյեդովի, անհրաժեշտ է արագ մտցնել Հարավային ռազմական օկրուգի կազմի մեջ, քանի որ ուկրաինական զինված ուժերը ստորաբաժանումներ ու տեխնիկա են կուտակում Ղրիմի սահմանների մոտ, իսկ Ռուսաստանը պարտավոր է ապահովել Ղրիմի անվտանգությունը ցանկացած դեպքում։

Հիշեցնենք, որ մարտի 16-ին Ղրիմում հանրաքվե է իրականացվել, որի քվեարկողների 96,6 տոկոսը կողմ է արտահայտվել ՌԴ-ի կազմում ընդգրկվելուն, 3,4 տոկոսը՝ դեմ։ Ընդ որում, քվեարկությանը, համաձայն Ղրիմի իշխանություննների հաղորդած տվյալների, մասնակցել էր թերակղզու բնակչության 82,71 տոկոսը, քվեարկողները պատասխանել էին՝ կողմ են, որ «Ղրիմը վերամիավորվի Ռուսաստանի հետ՝ ՌԴ-ի սուբյեկտի իրավունքով», թե կողմ են, որ «վերականգնվի Ղրիմի Հանրապետության 1992 թվականի Սահմանադրությունն ու Ղրիմը լինի Ուկրաինայի կազմում»։

Մարտի 18-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրիմի կառավարության ղեկավար Սերգեյ Ակսենովը, Ղրիմի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը և Սևաստոպոլի ղեկավար Ալեքսեյ Չալիյը պայմանագիր էին ստորագրել, որը ենթադրում է՝ Ղրիմը և Սևաստոպոլն ընդգրկվում են Ռուսաստանի Դաշնության կազմում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *