Թուրքիայի Նիղդե նահանգի Ուլուքըշլա շրջանում ավտոճանապարհի հսկողություն իրականացնող թուրք ոստիկանների և զինծառայողների վրա կրակ արձակած անձանց մասին որոշ տեղեկություններ են հայտնի դարձել։
Մարտի 20-ի ցերեկային ժամերին ստուգման ժամանակ ոստիկանների կանգնեցրած միկրոավտոբուսից 3 անձինք ինքնաձիգերով կրակ են բացել ոստիկանների և ժանդարմների վրա։
Կրակահերթերի հետևանքով Թուրքիայի ԶՈւ ժանդարմերիայի 1 զինծառայող, ոստիկանության 1 աշխատակից և 1 վարորդ էր սպանվել, ևս 7 զինծառայող վիրավորվել էր։
Հարձակումից հետո զինված անձինք իրենց ավտոմեքենայով փախուստի են դիմել։ Թուրք իրավապահների հատուկ գործողության արդյունքում հարձակում գործած 3 անձանցից 2-ը ձերբակալվել են։ Երրորդին ձերբակալել են ավելի ուշ։
Պարզվել է, որ ձերբակալվածները Ալբանիայի և Կոսովոյի քաղաքացիներից են։ Նրանցից երկուսը 18 տարեկան են և Ալբանիայից են, իսկ երրորդը՝ Կոսովոյի 23-ամյա բնակիչ է։ Թուրքական «Ջիհան» գործակալության տվյալներով՝ ձերբակալվածները կապեր ունեն «ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման հետ։ Հետաքննությունը շարունակվում է, այլ մանրամասներ դեռ չեն հրապարակվում։