Իտալիայում ցուցադրվել է Eurofighter Tranche 3 առաջին կործանիչը

Իտալական Ալենիա Աերմակկի ավիաշինական ընկերությունը ցուցադրել է Թուրինի գործարանում կառուցված Eurofighter կործանիչի արդիականացված նմուշը, որը ստացել է Tranche 3 անվանումը։ Ըստ արտադրողի` այն իր նախորդների համեմատ ենթարկվել է զգալի փոփոխությունների, ինչի շնորհիվ կործանիչն ավելի գրավիչ կդառնա միջազգային շուկայում։ Այս մասին հայտնում է Ալենիա Աերմակկիընկերության մամուլի ծառայությունը։

Eurofighter Typhoon կործանիչներ

Eurofighter Typhoon կործանիչներ

Eurofighter Tranche 3 (Տրանշ 3) կործանիչի տեխնիկական բնութագրերի մասին դեռևս շատ բան հայտնի չէ։ Ցուցադրության ժամանակ հայտնել են միայն, որ փոփոխությունների է ենթարկվել էլեկտրասնուցման համակարգը, ինչի արդյունքում աճել է կործանիչի էներգախնայողությունը։ Դա, իր հերթին, հանգեցրել է նրան, որ էլեկտրոնային սարքավորումներն իրենց աշխատանքի համար կստանան ավելի մեծ հզորությամբ էներգիա, ինչի շնորհիվ, օրինակ, ռադիոտեղորոշիչ կայանի արդյունավետության աստիճանը կաճի։

Նշենք, որ Eurofighter Tranche 3 կործանիչի 112 միավոր արդեն ունի իր պատվիրատուներին։ Դրանց թվում են Իսպանիան, Մեծ Բրիտանին և Իտալիան։ Հայտնի է նաև, որ Իտալիայի ռազմաօդային ուժերին 112 կործանիչներից բաժին կհասնի 21-ը։ Ավելի վաղ այս կործանիչների գնման նախնական պայմանագիր էր կնքել նաև Գերմանիան, սակայն 2014-ի փետրվարին հայտնի դարձավ, որ վերջինս հրաժարվել է այդ մտադրությունից։

Հավելենք նաև, որ 2003-ից ի վեր ընդհանուր առմամբ արտադրվել է 400 միավոր Eurofighter Typhoon կործանիչ, որոնք վաճառվել են վեց երկրների` Իտալիային, Գերմանիային, Իսպանիային, Մեծ Բրիտանիային, Ավստրիային և Սաուդյան Արաբիային։ 2012-ի դեկտեմբերին կործանիչի պատվիրատուների ցանկը համալրեց նաև Օմանի Սուլթանությունը։

Eurofighter Typhoon կործանիչի անձնակազմը 1 հոգանոց է։ Այն կարող է զարգացնել 1470 կմ/ժ առավելագույն արագություն, իսկ թռիչքի առաստաղը 19 800 մետր է։ Սպառազինությունում ունի օդ-օդ, օդ-մակերևույթ դասի հրթիռներ, ինչպես նաև ռումբեր՝ լազերային նշանառությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *