Գերմանիան հրաժարվել է Eurofighter Typhoon կործանիչների վերջին խմբաքանակից

Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է  Eurofighter Typhoon կործանիչի 3B սերիայի վերջին խմբաքանակի՝ 37 միավորի գնումից, որոնց ընդհանուր արժեքը 4.8 մլրդ ԱՄՆ դոլար էր։

Eurofighter EF-2000 Typhoon կործանիչ, Գերմանիայի ՌՕՈւ

Eurofighter EF-2000 Typhoon կործանիչ, Գերմանիայի ՌՕՈւ

Ինչպես հաղորդում է Defense News ռազմական լրատվակայքը, այս մասին Գերմանիայի պաշտպանության նախարարի երկրորդ տեղակալ Ստեֆան Բիմելմանսը տեղեկացրել է խորհրդարանի՝ պաշտպանության գծով հանձնաժողովին փետրվարի 19-ին։

Որպես հիմնական շարժառիթ հիշատակվում է պետության պաշտպանական գերատեսչությանը բաժին ընկնող ծախսերի կրճատումը։ Սա թերևս համապատասխանում է իրականությանը, եթե հաշվի առնենք, որ ՊՆ-ն նույնիսկ հրաժարվել է տեղական արտադրության MTU Aero Engines շարժիչներից՝ համաձայնելով փոխարենը վճարել 54 մլն եվրո (մոտ 73 մլն ԱՄՆ դոլար) արժողությամբ տուգանք։

Նկատենք, որ ի սկզբանե Գերմանիան նախատեսել էր սպառազինվել 180 միավոր Typhoon-ներով։ Ներկա դրությամբ երկիրն ունի 107 միավոր այդպիսի կործանիչ, ակնկալվում է ևս 36 միավորի ստացումը, բայց չի հստակեցվում, թե երբ։

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ վերջին 37 միավորի գնման պայմանագիրը դեռևս չէր կնքվել, դրա շուրջ բանակցություններ էին ընթանում։ Eurofighter-ի ներկայացուցիչը հրաժարվել է հարցի շուրջ մեկնաբանություններ տալ։

Այնուհանդերձ, Գերմանիան պաշտոնապես հայտարարել էր Typhoon կործանիչների առաջիկա գնումներից հրաժարվելու մասին դեռևս 2011-ի հոկտեմբերին։ Կասեցման նախաձեռնությունը Գերմանիայի պաշտպանության նախարար Թոմաս դե Մեզիերինն է։ Նա պնդում է, որ առնվազն 2-3 տարի ՊՆ-ն պետք է սպառազինության գնման ծախսերը կրճատի տարեկան նվազագույնը 3.5-4 մլրդ ԱՄՆ դոլարով։

Eurofighter Typhoon-ը բազմանպատակային կործանիչ է, ստեղծվել է 1986-ին, առաջին թռիչքը կատարել է 1994-ին, շահագործման է հանձնվել 2003-ին։ Շահագործվում է հիմնականում Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Սաուդյան Արաբիայի  ռազմաօդային ուժերում։

Ինքնաթիռի երկարությունը 15.96 մ է, բարձրությունը՝ 5.28 մ, զանգվածը՝ 11 հազար կգ, թևի բացվածքը՝ 10.95 մ, առավելագույն արագությունը՝ 2495 կմ/ժ, կրում է ավելի քան 6500 կգ զանգվածով սպառազինություն՝ թնդանոթներ, «օդ-օդ», «օդ-մակերևույթ» դասի հրթիռներ, ռումբեր, ունի նշանառության լազերային համակարգ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *