Հունվարի 28-ին Ադրբեջանի սահմանն անցել ու գերի էր ընկել Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 77-ամյա բնակիչ, հոգեկան խանգարումներ ունեցող Մամիկոն Խոջոյանը։ Մարտի 4-ին նրան արտահանձնել են հայկական կողմին։
Ռազմինֆոն մարտի 5-ին կապ էր հաստատել Վերին Կարմիրաղբյուր գյուղի գյուղապետ Կամո Չոբանյանի հետ։ Վերջինս տեղեկացրել էր, որ Մամիկոն Խոջոյանն Իջևանի բժշկական կենտրոնում է, բուժզննում է անցնում, նրա ձեռքը եղել է գիպսի մեջ, գիպսը հանել են։
Այսօր արդեն Կամո Չոբանյանը Ռազմինֆոյի հետ զրույցում տեղեկացրեց, որ մարմնի վրա եղած խոշտանգումների տեղերը ծեծի և բռնության հետևանք են, Խոջոյանի առողջական վիճակը, ըստ բժիշկների, շատ լուրջ է։ «Նրան Ադրբեջանում վախեցրել են, բժիշկ է տեսնում կամ օտար մարդ է տեսնում, ահաբեկված վեր է թռնում։ Խոջոյանին տանջել են»,-շեշտեց գյուղապետը։
Ռազմինֆոյին հաջողվեց զրուցել նաև ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանի հետ։ Վերջինս հաղորդեց, որ Խոջոյանին նախարարի հանձնարարության համաձայն տեղափոխել են Երևան՝ Գրիգոր Լուսավորչի անվան բժշկական կենտրոն։ Նախկին գերու վիճակը կայուն ծանր է։
Նկատենք, որ դեռևս հունվարի 31-ին ադրբեջանական Anspress լրատվակայքի հետ զրույցում ադրբեջանցի ռազմական լրագրող Ռահիբ Գարիբը ասել էր՝ հնարավոր է Խոջոյանին ծեծել են Ադրբեջանում, լուրը հաստատել էր նաև ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը։
Ուզեիր Ջաֆարովը ծեծի մեթոդներն անվանել է «հնացած տեխնոլոգիաներ»՝ հավելելով, որ անհրաժեշտ է փոխել Ադրբեջանի մոտեցումները։
Հավելենք, որ հունվարի 28-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր՝ իբր Տավուշից Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղ է անցել «հայ զինված դիվերսանտ», ՀՀ ՊՆ-ն հերքել էր այս տեղեկությունը։
Ռազմինֆոյին հաջողվել էր պարզել, որ սահմանն անցածն իրականում 77-ամյա Մամիկոն Տիգրանի Խոջոյանն է. նա հունվարի 28-ին դուրս էր եկել գյուղից անհայտ ուղղությամբ։