ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության գործակալությունը խնդրել է 1.9 միլիարդ ամերիկյան դոլար՝ հակահրթիռային համակարգերի զարգացման համար։ Գումարը նախատեսվում է ուղղել առաջիկա 5 տարիների ծրագրերի իրականացմանը։ Այս մասին հաղորդում է Ռոյթերս լրատվական գործակալությունը։
ԱՄՆ 2015-ի ռազմական բյուջեով նախատեսված է հակահրթիռային պաշտպանության զարգացման համար հատկացնել շուրջ 300 միլիոն դոլար։ Լուծման ենթակա առաջնային խնդիրներից է հակահրթիռային պաշտպանության այնպիսի տարրերի զարգացումը, որոնցով հնարավոր կլինի խոցել հակառակորդի բալիստիկ հրթիռները դեռևս մթնոլորտային շերտից դուրս։ Առաջիկա հինգ տարիներին նախատեսվում է այս տեխնոլոգիաների զարգացման համար հատկացնել ընդհանուր առմամբ 738 միլիոն դոլար։
Բացի այդ, ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության գործակալությունը 2015-ին մտադիր է համակարգին միացնել ռադիոտեղորոշման և հակահրթիռային պաշտպանության հեռահար հայտնաբերման նոր կայան, ինչպես նաև անցկացնել հակառակորդի բալիստիկ հրթիռների մասին վաղ ծանուցման կայանների արդիականացում։
Հիշեցնենք, որ 2014-ի մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը ներկայացվեց 2015-ի պաշտպանական բյուջեն, որը սպառազինության գնման համար նախատեսում էր 154 միլիարդ դոլարի հատկացում։