Սիրիայում Ասադի համար կռվող ադրբեջանցիներ չկան. Ադրբեջանի ՆԳՆ

Փետրվարի 6-ին ադրբեջանական մամուլում հրապարակվել էին 8 ադրբեջանցիների անուններ, որոնք Սիրիայում ենթադրաբար սպանվել էին Բաշար Ասադի հակառակորդների դեմ մարտերում։ Փետրվարի 10-ին Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հերքել է այս լուրը։

Նշենք, որ ադրբեջանցիների՝ Բաշար Ասադի համար Սիրիա մեկնելու վերաբերյալ տեղեկությունները հերքել է նաև Սաբուչիի շրջանի ոստիկանությունը։ Բացի այդ, Մաշդաղա և Նարդարան գյուղերի բնակիչները, որտեղից էլ սերում էին Սիրիա մեկնած 8 ադրբեջանցիները, ադրբեջանական Bizim Yol պարբերականին տված հարցազրույցում շեշտել են՝ հրապարակված անուն-ազգանուններով մարդիկ իրենց գյուղերի հետ որևէ առնչություն չունեն։

Իրավիճակին չեզոք մեկնաբանություն է տվել նաև Ադրբեջանի նախագահի աշխատակազմը։ Մասնավորապես, աշխատակազմի քարտուղար Ղաֆար Ալիևը հայտարարել է՝ պաշտոնական Բաքուն բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումն այս հարցում՝ կոչ անելով Ադրբեջանի քաղաքացիներին զերծ մնալ Սիրիա մեկնելուց և այնտեղ ռազմական գործողությունների մասնակցելուց։

«Մենք մեր խնդիրներն ունենք, օրինակ՝ Արցախյան հակամարտությունը, ինչպես կարելի է դա մի կողմ թողնելով` մեկնել Սիրիա կռվելու»,-նկատել է Ալիևը։

Հիշեցնենք, որ օրերս ադրբեջանական avropa.info լրատվակայքը հրապարակել էր 8 ադրբեջանցիների անուն-ազգանուններ, որոնք իբր կռվել և սպանվել են Սիրիայում Բաշար Ասադի կողմնակիցների շարքերում։

Հավելենք նաև, որ 2013-ի կեսերից մինչ օրս ադրբեջանական մամուլը լուրեր է հաղորդում Սիրիայի ծայրահեղ իսլամիստական խմբավորումների շարքերում մարտնչող ադրբեջանցի զինյալների սպանության մասին՝ հրապարակելով նրանց լուսանկարները։

Ադրբեջանցի զինյալների՝ Սիրիայում կռվելու և սպանվելու խնդիրն արդեն իսկ դուրս է եկել զուտ սիրիական հակամարտությանը միջամտելու շրջանակներից՝ վերհանելով Ադրբեջանում ծայրահեղ իսլամիստական կազմակերպությունների պառակտիչ գործունեությունը, ինչի վկայությունը իսլամիստական երկու խմբավորումների սպառնալիքներն են՝ ուղղված Ադրբեջանի իշխանություններին։

Ուշագրավ է, որ նույնիսկ այս պարագայում Ադրբեջանի ԱԳՆ-ն չի շտապում հաստատել, որ սպանված զինյալներն ադրբեջանցիներ են, ամեն ամիս խոստանում է հետաքննություն անցկացնել և պարզել սպանվածների ինքնությունը։ Մինչ այժմ չկա թեկուզ մոտավոր վիճակագրություն, թե Սիրիայում քանի ադրբեջանցի է մարտնչում, որ խմբավորումների շարքերում, քանիսն են սպանվել, քանիսը՝ հետ վերադարձել։

Հավանաբար, Ասադի կողմից կռվող ադրբեջանցիների մասին լուրեր տարածելով՝ ադրբեջանական մեդիադաշտն անհաջող փորձեր է անում մեղմելու իսլամիստների դեմ Ադրբեջանում ծայր առած դժգոհությունները, հավասարակշռելու իրավիճակը՝ ցույց տալով, որ ադրբեջանցիները չունեն հստակ հակաասադական կողմնորոշում Սիրիայի հարցում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *