Թուրք-սիրիական սահմանին կրկին լարված իրավիճակ է ստեղծվել, երբ սիրիական տարածքում տեղական օդուժի ռազմական ինքնաթիռի թռիչքի ժամանակ օդ են բարձրացվել թուրքական կործանիչները։
Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի փոխանցմամբ՝ փետրվարի 10-ին Սիրիայի ռազմաօդային ուժերի Սու-24 ռմբակոծիչը թուրք-սիրիական սահմանի հարևանությամբ թռիչքներ է իրականացրել՝ չհատելով Թուրքիայի օդային սահմանը։
Թուրքիան անմիջապես օդ է բարձրացրել 2 F-16 կործանիչ, որոնք թռիչքներ են իրականացրել թուրքական Հաթայ (Ալեքսանդրեթ) նահանգի տարածքում։
Երբ սիրիական ինքնաթիռը հեռացել է սահմանային գոտուց, թուրքական կործանիչներն իջեցվել են։ Լուրջ միջադեպեր չեն արձանագրվել։
Նշենք, որ վերջին ամիսներին թուրքական օդուժը մշտապես օդ է բարձրացնում իր կործանիչները, երբ սիրիական ռազմական ուղղաթիռներն ու ինքնաթիռները Թուրքիայի և Սիրիայի սահմանի մոտակայքում թռիչքներ են իրականացնում։
Անցած տարվա սեպտեմբերին նման թռիչքի ժամանակ թուրքական կործանիչը կրակ էր բացել պատահաբար Թուրքիայի օդային տարածքը հատած սիրիական Մի-17 ուղղաթիռի վրա` վայր գցելով այն:
Հավելենք, որ պաշտոնական Անկարան աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարող ուժերին: