Ադրբեջանը քաղում է ադրբեջանցի զինյալների հարցում վարած քաղաքականության պտուղները

Ադրբեջանցի զինյալների՝ Սիրիայում կռվելու և սպանելու խնդիրն արդեն իսկ դուրս է եկել զուտ սիրիական հակամարտությանը միջամտելու շրջանակներից՝ վերհանելով Ադրբեջանում ծայրահեղ իսլամիստական կազմակերպությունների պառակտիչ գործունեությունը, ինչի վկայությունը իսլամիստական երկու խմբավորումների սպառնալիքներն են՝ ուղղված Ադրբեջանի իշխանություններին։

Ադրբեջանի զինյալներ՝ Սիրիայում

Ադրբեջանի զինյալներ՝ Սիրիայում

Ադրբեջանում գործող «Անտառային եղբայրներ» և «Ջեյշուլլահ» («Ալլահի բանակ») ծայրահեղ իսլամիստական խմբավորումները հունվարի 28-ին սպառնացել են Ադրբեջանի իշխանություններին նրանց դեմ «ջիհադ» սկսել։ Նման հայտարարության պատճառը թերևս վերջին շրջանում Ադրբեջանի պատկան մարմինների, կրոնական առաջնորդների, հասարակական ու քաղաքական գործիչների դիրքորոշման փոփոխությունն է Սիրիայում կռվող ադրբեջանցի իսլամիստ զինյալների հարցում։ Նրանք միաձայն կոչ են անում հեռու մնալ Սիրիայում պատերազմելուց, չլսել իսլամիստների հորդորները, չմիանալ նրանց, քանի որ Սիրիայում սպանվելով «շեհիդ» չեն դառնա, իսկ Սիրիայի պատերազմը բնավ «ջիհադ» չէ։ Ադրբեջանը կիրառում է «շեհիդ» բառը զուտ քարոզչական նպատակներով[1]։ Իրավիճակի լրջության մասին են վկայում հայտարարությունները, որ Սիրիայից հետ վերադարձած զինյալները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ, և սա թղթի վրա չի մնացել,  հայտնի են ձերբակալությունների կայացած փաստեր։

Եվ ահա այս իրավիճակում հնչող սպառնալիքները, եթե դրանք իրական համարենք, կարծես արգասիք են 2012-2013-ին Ադրբեջանի պատկան մարմինների՝ Սիրիայի մեկնող և Սիրիայից վերադարձող իսլամիստ ադրբեջանցիների հարցն անտեսելու։

«Ջեյշուլլահ». գործունեությունն ու նպատակը

Դեռևս 2001-ին ԱՄՆ իշխանությունները «Ջեյշուլլահ»-ն ընդգրկել էին այն ահաբեկչական խմբավորումների շարքում, որոնց անդամներին պետք է անհապաղ արտաքսել ԱՄՆ-ից։ Ադրբեջանի ԱԱԾ-ի տվյալներով՝ 1996-ից գործող «Ջեյշուլլահ»-ի վերջնանպատակն է Ադրբեջանում պետական համակարգի արմատական փոփոխությունը, այն իսլամիստական պետության վերածելը։ Խմբավորումը սերտ կապեր ունի «ալ Կաիդայի» հետ, ստանձնել է մի  քանի ահաբեկչությունների, այդ թվում 1998-ին Ադրբեջանի էքստրասենսերի միության նախագահ Էթիբար Էրքինի ու նրա երկու որդիների սպանության պատասխանատվությունը։

Համագործակցության եզրեր ունենալով չեչեն գրոհայինների և Շամիլ Բասաևի հետ՝ 1998-ին «Ջեյշուլլահ»-ի զինյալների մի մասը Չեչնիայի տարածք է ներթափանցել՝ կապեր հաստատելով թուրք զինյալների «Իսլամի ֆիդայիներ» կազմակերպության հետ, որի օգնությամբ էլ 1999-ի հունիսին փորձել է Բաքվի օդակայանից Մի-8 ուղղաթիռ առևանգել։

Հետաքրքիր է, որ այս խմբավորման առաջնորդի և անդամների դատավարությունն ավարտվել է դեռևս 2000 թվականի օգոստոսի 28-ին. առաջնորդ 23-ամյա Մուբարիզ Ալիևը դատապարտվել էր ցմահ, իսկ 12 անդամները՝ 7-13 տարվա ազատազրկման։ Ազատազրկման ժամկետները, ինչպես տեսնում ենք, արդեն լրացել են, այսինքն այս խմբավորման անդամներն ազատության մեջ են, բացի այդ սոցցանցերում միմյանց հետևից բացվում են խմբավորումը և առհասարակ ծայրահեղ իսլամը քարոզող էջեր։

Կարևոր է նշել, որ դեռևս 2013-ի փետրվարի սկզբից սկսեցին լուրեր շրջանառվել, որ «Ջեյշուլլահ»-ի զինյալներն Ադրբեջանի տարածքում ակտիվ քարոզչական գործողություններ են ծավալել, ցանկանում են համալրել իրենց շարքերը, և համակիրներ են փնտրում ոչ միայն հասարակ քաղաքացիների, այլև ՏԻՄ շարքերում, մամուլում, ուժային կառույցներում։

«Ջեյշուլլահ»-ի զինյալներն ադրբեջանական մամուլի փոխանցմամբ մասնակցում են Սիրիայում ընթացող մարտերին:

Աջակցություն իշխանական շրջանակներում

Մյուս կողմից, եթե հավատանք վերջին հրապարակումներին Ադրբեջանի ռազմական, քաղաքական համակարգերում որոշ պաշտոններ զբաղեցնում են հենց իսլամիստ վահաբիստները, որոնց գաղափարախոսությունը մոտ է «Ջեյշուլլահ»-ի նպատակներին։ Չի բացառվում, որ հենց այս պաշտոնյաներն են ֆինանսապես օգնում իսլամիստական կազմակերպություններին։ Այս հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի հոգևոր առաջնորդ, այսպես կոչված «Կովկասի մուսուլմանների վարչության» նախագահ, շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն։

Ադրբեջանական musavat.com կայքի տվյալներով՝ Բաքվի քաղաքապետի որդի Իսրաֆիլ Աբութալիբովը և նախկին պաշտոնյաներից մի քանիսի որդիները ևս, որոնք ունեն սեփական բիզնեսը, ծայրահեղ իսլամիստներին նյութական նշանակալից օգնություն են ցույց տալիս։ Փաստորեն, իսլամիստներն աջակցություն ունեն նաև բարձրաստիճան պաշտոնյաների շարքերում, ինչն անհնար է դարձնում պետական մակարդակով ծայրահեղ իսլամի դեմ միասնական ճակատով հանդես գալը։

«Անտառային եղբայրներ»

«Անտառային եղբայրներ»-ն ադրբեջանական խմբավորում չէ, գործում է 2007-ից։ Այն ակտիվ է հիմնականում Դաղստանի տարածքում։ 2008-ի օգոստոսին Ադրբեջանի ԱԱԾ-ի վկայությամբ ահաբեկչություն է իրականացրել «Աբու Բեքր» ադրբեջանական մզկիթում։ 2008-ին Ադրբեջանի հատուկ ծառայությունները մի շարք գործողություններ են ձեռնարկել խմբավորման անդամներին ոչնչացնելու ուղղությամբ։[2]

Հաշվի առնելով Ադրբեջանում ծավալած գործունեութունը՝ այս խմբավորման սպառնալիքն Ադրբեջանի իշխանություններին իրատեսական է հնչում, սակայն կասկած է հարուցում, թե ինչու են 2 խմբավորումներ նույն օրը հանդես եկել միևնույն կոչով։ Հավանական է, որ նրանց նպատակներն ու շահերը համընկել են։

Սիրիա զինյալների հոսքի դեմ պայքարելու պատճառները

Մի կողմից Թուրքիային սիրաշահելու նկրտումներից ելնելով, մյուս կողմից Արևմուտքի հակաասադական տրամադրություններին սատարելով՝ Ադրբեջանը երկար ժամանակ լռում էր Սիրիա իր տարածքից ներթափանցած ադրբեջանցի մեծ թվով զինյալների մասին։ «Ծայրահեղ իսլամիստ» և «վահաբական» բնորոշումները կիրառվում էին միայն Ադրբեջանի ուժային կառույցների կողմից հիմնականում ազգային փոքրամասնություններին ճնշելու ու նրանց ձերբակալություններն արդարացնելու նպատակով։[3] Ժամանակ առ ժամանակ էլ Ադրբեջանն այս որակավորումները կիրառում էր նաև Իրանին ու Սաուդյան Արաբիային մեղադրանքներ հղելու հարցում։

Ստացվում է՝ Սիրիայում կռվող ադրբեջանցի զինյալների թեման իրականում խորը շերտեր ունի, և վերհանում է Ադրբեջանում միջկրոնական խնդիրներ, որոնք հմուտ կերպով սքողվում էին։ Ադրբեջանն իր ներսում աճեցնում է ահաբեկչական իսլամիստական տրամադրություններ, դրանք արմատախիլ անելու լուրջ քայլեր տևական ժամանակ չի ձեռնարկել, ընդ որում՝ մինչ օրս չկա թե´ ոչ պաշտոնական, թե´ առավել ևս պաշտոնական վիճակագրություն, թե հիմնականում Թուրքիայի տարածքով Սիրիա մեկնող ադրբեջանցի զինյալներից քանիսն են հետ վերադարձել, քանիսն են սպանվել, քանիսն են պատրաստվում մեկնել։ 2012-ին և մինչև 2013-ի կեսերն ադրբեջանական իշխանամետ մամուլը խթանում էր նման գաղափարների տարածումը՝ Սիրիայում զոհվածներին ներկայացնելով որպես «շեհիդներ», իսկ Սիրիայի զինյալ ահաբեկիչներին բնութագրելով որպես «մոջահեդներ»։ [4]

Ներկայումս փորձեր են արվում լրջորեն պայքարելու ադրբեջանցիների՝ դեպի Սիրիա հոսքի դեմ, քանի որ Սիրիայից հետ եկած իսլամիստ զինյալների առկայությունն Ադրբեջանում կարող է խթանել ինչպես միջկրոնական բախումներ, այնպես էլ հանցավորության աճ, իսկ զինյալների շարքերում ադրբեջանցիների ու Ադրբեջանի քաղաքացիների առկայության հանգամանքը վկայում է Սիրիայի ներքին հակամարտության կողմերից մեկին սատարելու մասին, ինչն էլ բնավ դրական չի անդրադառնա Սիրիայի հետ հարաբերությունների վրա։ Բացի այդ, իր ներսում ահաբեկչական խմբավորումներ ունենալու փաստն ինքնին դրական ազդեցություն չի թողնում Ադրբեջանի միջազգային վարկանիշի վրա։ Չի կարելի բացառել, որ թեման լծակ կդառնա դրսից Ադրբեջանի վրա ներազդելու համար թեկուզ հենց Արևմուտքի ձեռքերում։

Այնունամենայնիվ, այս հոսքի դեմ պայքարն արդյունավետ չի լինի, եթե չչեզոքացվեն բուն պատճառները։ Ի մի բերելով ադրբեջանական մամուլի, սոցցանցային և ֆորումների քննարկումներում, ինչպես և փորձագետների հնչեցրած տեսակետները՝ ադրբեջանցիները Սիրիա են մեկնում սոցիալական կարիքից դրդված, հաճախ՝ ընտանիքներով, քանի որ Բաշար Ասադի կողմնակիցների դեմ կռվելու դիմաց գումար են ստանում։ Առաջնային դրդապատճառների շարքում են նաև ծայրահեղ իսլամիստական գաղափարներից տոգորված սրբազան «ջիհադին» մասնակցելու ձգտումները. հենց այս հարցում էլ կարևոր դեր ունեն կրոնական կազմակերպությունները և հաստատությունները։

Որպես պատճառ նշվում է, որ «ադրբեջանցիները չեն ստանում իշխանությունների կողմից տարիներ շարունակ խոստացված պատերազմը հանուն Ղարաբաղի վերադարձի, ուստի կռվելու ունակությունները կիրառելու համար այլ տեղ են փնտրում, իսկ ամենահարմարը Սիրիան է»։ Սա իրականությունից հեռու պնդում է, քանի որ նույն հաջողությամբ «կռվելու ունակությունները սպառելու» ձգտո ադրբեջանցին կարող է զինծառայության անցնել առաջնագծում, որտեղ լարվածության աստիճանը երբեմն պատերազմական իրավիճակից հեռու չէ։

Եվ վերջապես, զինյալների և նրանց գործունեությունը խթանող իսլամիստական կազմակերպությունների առկայությունն Ադրբեջանի տարածքում հերթական անգամ վկայում է՝ դեռևս 1992-1994 թթ. Արցախյան պատերազմի թեժ շրջանում ադրբեջանցիները դիմել են չեչեն գրոհայինների և թուրք զինյալների օգնությանը։ Այս օգնությունն անհետևանք չի մնացել. հենց այդ տարիներից Ադրբեջանում տարածված իսլամիստական գաղափարները պարարտ հող են ստեղծել զինյալների նոր խմբավորումների և տեղական կրոնական կազմակերպությունների ստեղծման համար։

 Եզրակացություն

Կարող ենք եզրակացնել, որ Ադրբեջանում հասարակական-կրոնական դաշտն առաջիկայում միտում ունի պառակտվելու իսլամիստներին դեմ և կողմ դիրքորոշում որդեգրած հակադիր ճամբարների, ինչը վերջնահաշվարկում կարող է հանգեցնել միջկրոնական հակասությունները խորացմանը։ Առանցքային է այն հանգամանքը, որ իսլամիստներն Ալիևյան վարչակարգ և պետականություն հասկացությունները չեն ընդունում, բնականաբար չեն ենթարկվում Ադրբեջանի սահմանադրությանը և օրենքներին։ Այս պարագայում իսլամիստների մարտական փորձը որքանով որ կարող է կիրառվել «իշխանությունների խոստացված, Ղարաբաղի համար մղվող ադրբեջանական պատերազմում», այնքան էլ ներքին լարվածություն ստեղծելու հարցում՝ ֆինանսական կայուն հենքի ձեռքբերման և նպաստավոր պայմանների ի հայտ գալու դեպքում։

Ներկայիս Ադրբեջանը հրատապ խնդիր ունի լուծելու. այն է՝ ծայրահեղ իսլամիստական գաղափարախոսության վտանգների չեզոքացումը ներպետական հարթակներում, քանի որ այդ գաղափարների ու դրանց կրողների՝  սեփական շահերի համար կիրառելը ներկա դրությամբ սպասված արդյունքներ չի բերում։

[1] «շեհիդ»-ն արաբերեն բառ է, նշանակում է «թշնամիների դեմ պատերազմում հանուն Ալլահի զոհված հավատացյալ»։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանում «շեհիդ» բնորոշում են տալիս հայկական գնդակից զոհված զինծառայողներին, ապա ակամայից նույնականացում է ձևավորում, ինչը ներկայումս ստեղծված իրավիճակում Ադրբեջանի պետական շահերից չի բխում։

[2] Այդ գործողությունների հետևանքով սպանվել է այս խմբավորման նվազագույնը 3 անդամ

[3] Գուսարի շրջանում լեզգիների ձերբակալություններ http://razm.info/23356

[4] http://razm.info/30344

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *