ԱՄՆ-ն պնդում է՝ ՌԴ-ն փորձարկում է պայմանագրով արգելված հրթիռներ

ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրանքներ է ուղղել «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրի խախտման համար։ Խոսքը ՌԴ-ի՝ նոր թևավոր հրթիռի փորձարկման մտադրության մասին է։

միջին հեռահարության ՌԴ հրթիռ

միջին հեռահարության ՌԴ հրթիռ

ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին լրագրողների հետ զրույցում հաստատել է լուրը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն արդեն տեղեկացրել է ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին պաշտոնական Մոսկվայի՝ անհանգստություն հարուցող փորձարկումների մասին։

«Ռուսաստանը նման հրթիռներ սկսել է փորձարկել դեռ 2008-ից, սակայն ըստ «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրի՝ այդ հրթիռների փորձարկումն արգելված է։ Մենք փորձելու ենք ծագած խնդիրները քննարկել պայմանագիրը կնքած կողմերի երկխոսության միջոցով»,-շեշտել է Պսակին։

Նկատենք, որ ԱՄՆ փորձագետները համոզված են, որ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների ստեղծման ներքո Ռուսաստանն իրականում պատրաստում է միջին հեռահարության հրթիռներ, որոնց ստեղծումը, կիրառումը և փորձարկումն արգելված է պայմանագրով։

Հիշեցնենք, որ «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագիրը ստորագրվել է 1987-ի դեկտեմբերի 8-ին Վաշինգտոնում ԽՍՀՄ-ի ու ԱՄՆ-ի միջև Միխայիլ Գորբաչովի և Ռոնալդ Ռեյգանի կողմից։ Պայմանագիրն ուժի մեջ է մտել 1988-ի հունիսի 1-ից։ Համաձայն դրա ՝ պայմանագրի կողմերը պարտավորվում էին չարտադրել ու չփորձարկել միջին (1000-5500 կմ) և փոքր (500-1000 կմ) հեռահարության ցամաքային տեղակայման բալիստիկ ու թևավոր հրթիռներ, բացի այդ, 3 տարվա ընթացքում պետք է ոչնչացվեին այդ դասի արդեն գոյություն ունեցող բոլոր հրթիռները և դրանց արձակման կայանները։

Ռուսաստանը 2013-ին մի շարք հայտարարություններով էր հանդես եկել՝ սպառնալով դուրս գալ պայմանագրից, սակայն ՌԴ-ն իրականում փորձում էր ճնշում գործադրել եվրոպական երկրների վրա, որպեսզի վերջիններս հրաժարվեն իրենց տարածքում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության բաղադրիչների տեղակայումից։

Եվրոպայում, մասնավորապես` Լեհաստանում և Չեխիայում, ամերիկյան հակահրթիռային պաշտպանության բաղադրիչների տեղակայման հեռանկարը վերջին տարիների ռուս-ամերիկյան հարաբերությունների ամենակնճռոտ հարցերից է։ Վաշինգթոնում հայտարարում են, թե իբր այդ համակարգերն ուղղված են Իրանից եկող սպառնալիքը չեզոքացնելու դեմ, մինչդեռ Մոսկվայում կարծում են, որ դա մտացածին հիմնավորում է. այդ ծրագրերը նաև Ռուսաստանի դեմ են, և նպատակ ունեն նվազեցնել պատասխան հարվածներ հասցնելու Ռուսաստանի հնարավորությունները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *